Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Ուրուգվայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր նյութեր

Ուրուգվայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է 
հանձնել ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր նյութեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեցին  Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութեր՝ ազդագրեր, թռուցիկներ, գրքեր:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ Ուրուգվայը մեծ նշանակություն ունի Հայ ժողովրդի համար քանի, որ այն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով մնացած պետությունների համար:

«Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո աշխարհի մի շարք խոշոր  երկրներ հետևել են  այս փոքր պետության մեծ քայլին՝ ընդունելով ցեղասպանությունը: Եվ այսօր Ուրուգվայի հայ համայնքի կողմից մեզ փոխանցված այս բոլոր նյութերը մեծ նշանակություն ունեն մեր թանգարանի համար»,- ասաց թանգարանի տնօրենը:

Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը նշեց, որ  ուրախ է   Ուրուգվայի հայկական սփյուռքի անունից կարևոր նյութերը փոխանցել թանգարանին:

 «Ուրուգվայը փոքր երկիր է, բայց ունի մեծ հայկական համայնք, որը շատ ակտիվ է և կարողացել է գերազանց ինտեգրվել Ուրուգվայի  հասարակությանը: Այս տարին շատ կարևոր է Հայաստանին և Ուրուգվայի համար, քանի որ մայիսի 27-ին նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Ուրուգվայի հայ համայնքի կողմից տրամադրված տպագրությունները, գրքերը, ազդագրերը, որոնք այսօր այստեղ են, շատ կարևոր աշխատություններ են, որոնք կհարստացնեն Հայաստանի ազգային գրադարանը և Հայոց ցեղասպանության թանգարանը»,- ասաց դեսպանը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, ով նախաձեռնել է Ուրուգվայում տպագրված նյութերը Հայաստան տեղափոխելու գործընթացը, ասաց, որ բերված գրքերը, ազդագրերն ու թռուցիկները  հիմնականում վերաբերվում են  Հայոց պատմությանը, հայկական հարցերին, Հայ Դատին և Հայոց ցեղասպանությանը: Կան նաև պաստառներ որոնք հրատարակվել են Արգենտինայում, մեծ մասը՝ եղեռնի 50 ամյակի օրերին:

«Այս նախաձեռնությունը իրականացրել ենք   Ուրուգվայում հայ բժիշկ Կառլոս Կեցոյանի հետ,  ով նաև պատմաբան է և այժմ գրում է Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը: Գրքի համար իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում անցած տարի նա եկել էր Հայաստան: Անհրաժեշտ նյութերը փնտրելու ընթացքում հասկացանք, որ նմանատիպ նյութեր և աշխատություններ այստեղ չկան՝  հրատարակվել են,  բայց Հայաստան չեն ուղարկվել: Այդ նպատակով  մենք  հանդիպեցինք Հայաստանի ազգային գրադարանի  փոխտնօրենի հետ և  ձեռք բերեցինք  համաձայնություն՝ նյութերը Հայաստան տեղափոխելու համար: Գրքերի մի մասը նա  ինքն է գնել, մի մասն էլ հավաքվել է համայնքի օգնությամբ:  Այսօր այն կբաժանվի ըստ թեմատիկայի, որը  ցեղասպանության թեմային է վերաբերվում՝ կմնա Ցեղասպանության թանգարանին, իսկ մնացածը կփոխանցվի  Հայաստանի ազգային գրադարանին»,-ասաց պատմաբանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]