Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Գավառի բժշկական կենտրոնը ստացավ Ազգային բժշկական պալատի նախագահի կողմից հաստատված հավաստագիր

Գավառի բժշկական կենտրոնը ստացավ Ազգային բժշկական պալատի նախագահի 
կողմից հաստատված հավաստագիր

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Ազգային բժշկական պալատի ներկայացուցիչները  պալատի նախագահ Նարեկ Վանեսյանի գլխավորությամբ մասնակցեցին Գավառի բժշկական կենտրոնի վերակազմավորման 13-ամյակի եւ  կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմանյանի պաշտոնավարման միամյակի հանդիսավոր միջոցառմանը։  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառման ընթացքում Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը ողջունեց ներկաներին, առանձնահատուկ կերպով անդրադարձավ մարզային առողջապահական համակարգում ծանրակշիռ դեր ունեցող Գավառի ԲԿ ՓԲԸ գործունեությանը։ Միևնույն ժամանակ պալատի նախագահը հատուկ շեշտեց, որ 2019 թվականից առ այսօր, Գավառի ԲԿ ՓԲԸ հաստիքային բուժաշխատողների 80 տոկոսն  արդեն հավաքել են բավարար ՇՄԶ կրեդիտներ՝ անվճար կերպով վերապատրաստվելով պալատի կողմից իրականացվող եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված ՇՄԶ ծրագրերով։

Ելույթի ավարտին Ազգային բժշկական պալատի նախագահը խորհրդանշական նվերներով եւ շնորհակալագրով պարգեւատրեց բժշկական կենտրոնի մի քանի բուժաշխատողների, իսկ կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանին հանձնեց հավաստագիր, առ այն, որ Գավառի ԲԿ ՓԲԸ-ն հանդիսանում է Ազգային բժշկական պալատի անդամ եւ վստահելի գործընկեր։ Ներկայացնելով տարեկան հաշվետվությունը եւ արձանագրված ձեռքբերումները՝ Գավառի ԲԿ տնօրեն Գարիկ Սողոմանյանը նշեց, որ 2021 թվականի ընթացքում «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ում կատարվել են հսկայածավալ շինարարական աշխատանքներ։ Բարեկարգվել է «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի շենքի արտաքին տեսքը, ասֆալտապատվել է բակը, ամբողջապես միացվել է արտաքին լուսավորության ցանցը։ Իրականացվել է ներքին հարդարման աշխատանքներ։ Շտապ օգնության մեքենաների համար կառուցվել է ավտոկայանատեղ։Կառուցվել է թափոնների հավաքման առանձին սենյակ, հեմոդիալիզի բաժանմունքի համար՝ առանձին լաբորատորիա և ջրերի մաքրման կայան։ Վերանորոգվել է շենքի արտաքին լուսավորության ցանցը։ Թարմացվել է ինտերնետ կապը։ Բժշկական կենտրոնի բաժանմունքները վերազինվել են նոր գույքով ու տեխնիկայով, թարմացվել  սպիտակեղենային պարագաներով։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընկերությունը համալրվել է շտապ  օգնության  «Մերսեդես» մակնիշի եւ «Լենդ Քրաուզեր» ամենագնաց ավտոմեքենաներով։ Բժշկական կենտրոնը համալրվել է բժիշկ մասնագետներով։ Ավելացել է ակնաբուժական, ուռոլոգիական, գինեկոպրոկտոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ալերգոլոգիական, էնդոսկոպիկ, դիմածնոտային վիրաբուժության, մաշկային, դուպլեքս, ռևմատոլոգիական, լապորոսկոպիկ վիրաբուժական ծառայությունները։ Կենտրոնում այժմ կատարվում են իրենց տեսակով եզակի վիրահատություններ, որոնց գերակշիռ մասը կատարվում է լապորասկոպիկ եղանակով։ Ավելացել է հիվանդների դիմելիությունը եւ հոսքը բժշկական կենտրոն։ Կազմակերպվել են նաև «Բաց դռների օրեր», որոնց ընթացքում սպասարկվել են շուրջ 1900 քաղաքացի: «Բաց դռների շրջանակներում» տարածաշրջանի բնակչությանը սպասարկելու նպատակով Երեւանից հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ, կատարվել են նաև վիրահատություններ, այդ թվում լապորասկոպիկ վիրահատություններ։ Հատուկ  «Բաց դռների օր» է կազմակերպվել ու կազմակերպվում նաեւ 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված եւ  վիրավորված զինծառայողների ընտանիքների անդամների համար: «Գավառի ԲԿ» ՓԲԸն սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական  գնահատման արդյունքում որպես տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն անվանակարգում արժանացել է «ՀՈՒՍՈ ԱՍՏՂ եւ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» մրցանակների։

«Մեր ձեռքբերումները տեսանելի են, սակայն մենք պետք է համատեղ ուժերով շարունակենք առաջընթացը՝ չբավարարվելով  գրանցված հաջողություններով։ Անելու ենք հնարավորը, որպեսզի մեր բուժհաստատություն դիմած որեւէ քաղաքացի ուշադրությունից դուրս չմնա, որպեսզի մատուցած ծառայությունների որակով մոտենանք մայրաքաղաքի առաջատար բուժհաստատություններին։ Իսկ դրա համար անելիքներ դեռեւս ունենք»,-նշեց Գարիկ Սողոմանյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]