Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Արցախում կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է շուրջ 40 հազար տեղահանված արցախցիներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նախ նշել է, որ պատերազմից անմիջապես հետո Արցախի ու Հայաստանի կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված արցախցիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավելու առկա խնդիրներին:

«Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկա երևույթի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում է, որ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այնուամենայնիվ,  անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը: Թեմայի շուրջ վերջին օրերին անցկացրել եմ շահագրգիռ քննարկումներ, այդ թվում՝ հարցը ներառել էի երեկ՝ մայիսի 12-ին, անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանի կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40 000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա հավաստիացրել է, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված արցախցիների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Արցախի նախագահը համոզված է՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ. վերջ) կավարտեն կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ արցախցիները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]