Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Կազմակերպիչների հավաստիացմամբ՝ «Հրազդան» մարզադաշտը պատրաստ է ընդունել 50 Cent-ին, Զազին և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախմբին

Կազմակերպիչների հավաստիացմամբ՝ «Հրազդան» մարզադաշտը պատրաստ է 
ընդունել 50 Cent-ին, Զազին և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախմբին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր 50 Cent-ը, Զազը և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախումբը: Համերգներն անցկացվելու են Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ երկար տարիներ միջոցառումներ չեն կազմակերպվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ օգտագործվելու է դաշտի հատվածը և մի քանի տրիբունա, որոնք այժմ բարեկարգվում են, վերականգնվում: Հովհաննիսյանի խոսքով՝ այն առանց խոչընդոտի կկարողանա ընդունել երաժշտասերներին:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ «Հայա» փառատոնը նոր էջ կբացի Հայաստանի մշակութային, տնտեսության և այլ ոլորտների համար: «Այս փառատոնը նոր ինստիտուտ է, նոր մեխանիզմ է, կրկնակի ու տասնապատիկ գովազդելու Հայաստանը, ցույց տալու մեր երկիրը որպես խաղաղ, կայուն զարգացող ու ծաղկող երկիր, որը փառահեղ ապագա ունի, որտեղ ողջ տարածաշրջանից 30, 40, 50 հազար մարդ գալիս է համերգներ ունկնդրելու, հաղորդակցվելու արտիստների հետ, որոնց տեսնելը շատերի համար երազանք է»,-շեշտեց նա:

Զազի համերգը տեղի կունենա հունիսի 25-ին, ռեփեր 50 Cent-ի համերգը՝ հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

Վերադառնալով «Հրազդան» մարզադաշտին՝ փառատոնի հիմնադիրն ասաց՝ լուրջ  ուսումնասիրել են տարածքը: «Գուցե սպորտային իրադարձությունների համար այն շատ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն մենք մարզադաշտը դիտարկեցինք որպես համերգային վայր, որտեղ հնարավոր է  54 հազար մարդու ընդունել: Մեր երկրում նման երկրորդ տեղ չկա: Երբ հայտարարենք օրինակ Ջենիֆեր Լոպեսի կամ Էնրիկե Իգլեսիասի համերգների մասին, մեզ ևս նման տարածք հարկավոր կլինի: Ուրախ եմ, որ  քաղաքին կվերադարձնենք այդ մարզադաշտն այլ գույնով: Տեխնիկայի մեծ մասը բերվելու է արտասահմանից»,-նշեց Հովհաննիսյանը:

Կազմակերպիչները չեն հրաժարվում հետագայում փառատոնը Հայաստանի մարզերում անցկացնելու գաղափարից: Աշխատում են այդ ուղղությամբ, ընտրում են տարածքը, սակայն այս համերգների ժամանակացույցը թույլ չի տվել կարճ ժամկետներում ընտրելու հարմար վայր: «Հավանաբար հաջորդ տարի համերգներից մի քանիսը Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում կանցկացնենք»,-ասաց նա:

Փառատոնը մասնավոր միջոցներով է իրականացվում, սակայն չի բացառվում, որ առաջիկայում համագործակցեն նաև պետության հետ:

Համերգների տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Տոմսերը վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]