1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը․ Մարուքյանը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած 6 կետերը

Հայաստանի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը․ Մարուքյանը 
հրապարակել է հայկական կողմի ներկայացրած 6 կետերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ առաջարկների առաջին կետում գրված է, որ  հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։

Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այնտեղ ասում է, որ դուք պետք է տարածքային պահանջներ չունենաք մեր նկատմամբ։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք ձեզանից տարածքային պահանջներ չենք էլ ունեցել։ Եվ ի սկզբանե միշտ Հայաստանի  բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Այստեղ ասվում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, ՀՀ-ն տվյալ համաձայնագիրը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ, որ ստորագրել ենք, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները՝ միանալով տվյալ կառույցին»,- մանրամասնեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ երրորդ կետում հայկական կողմը նշում  է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ 4-րդ կետում  հայկական կողմը կարևոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի  նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի  հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի  26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ «Իսկ դրանք ո՞ր պարտավորություններն են․  ռազմագերիների վերադարձը, որը մինչև այսօր  չի արվել, կոմունիկացիանրի բացումը, որն Ադրբեջանն է ձգձգում»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս կետով հստակեցնում է, որ  շարունակում է հավատարիմ լինել իր պարտավորություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

5-րդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ «Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ի սկզբանե եղել են։ Այսինքն, այստեղ են ամրագրված  ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ»,- մանրամասնել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ հայկական կողմը 6-րդ կետով հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]