Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ 
Մատիցինին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, կարևորելով Ռուսաստանի հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինի այցը Հայաստան կարևոր է և լրացուցիչ խթան կհաղորդի համատեղ ծրագրերի ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և հետևողական ջանքեր է գործադրում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Օլեգ Մատիցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ շատ ուրախ են տեսնել, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում սպորտի զարգացման գործում և շարունակում է մի շարք նշանակալի ձեռքբերումներ գրանցել տարբեր միջազգային մրցաշարերում: Ռուս նախարարը նշել է, որ պատրաստ են անել ամեն հնարավորը՝ ընդլայնելու ու խորացնելու եղբայրական երկրների միջև հարաբերությունները, որոնք հազարամյակների հիմքեր ունեն:

Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]