Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով 
զուգորդված խուլիգանություն կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ 
անձի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել է 2022 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թվականի ապրիլի 27-ին ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Տեղեկացվել էր նաև, որ հիշյալ հավաքի մասնակից, Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն էր գործադրել նշված վայրում քայլող «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ և համապատասխան քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ Ա.Խ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Վերջինս կալանավորվել էր:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]