Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

«Նոր գիրք»-16/22. Նիկողոսյան, Վամվունակի, Բաում, Կեղծ-Կալլիսթենես, Ապպիանոս

«Նոր գիրք»-16/22.  Նիկողոսյան, Վամվունակի, Բաում, Կեղծ-Կալլիսթենես, Ապպիանոս

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Արքմենիկ Նիկողոսյան, «Չարենց. երեք ուսումնասիրություն»

Ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիներին գրված երեք ուսումնասիրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների և խնդիրների հետազոտությանը։ Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։ Խմբագիր՝ Սուրեն Աբրահամյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն. Մարո Վամվունակի, «Լռեցված սիրո ուրվականը»

Ժամանակակից հույն գրող Մարո Վամվունակիի «Լռեցված սիրո ուրվականը» գիրքը հոգեբանական-փիլիսոփայական աշխատություն է: Սպառողական հասարակության մեջ էգոիզմն անհատին փակել է սեփական կեղևում ու դժվարացրել ազնիվ շփումն արտաքին աշխարհի հետ: Որպեսզի մարդը հաղթահարի ներքին խնդիրները, նախ պետք է գնա անցյալ, ճանաչի ինքն իրեն: Երջանկության բանալին Վամվունակին համարում է Աստծո և մարդկանց հանդեպ մաքուր սիրո վերագտնումը, ինքնանվիրումի ցանկությունն ու պատրաստակամությունը:

Մարո Վամվունակին Հունաստանի ամենաճանաչված ու սիրված ժամանակակից գրողներից է, որն ապրում և բեղուն ստեղծագործական գործունեություն է ծավալում Աթենքում: Վամվունակին նախապես հայտնի էր որպես արձակագիր: Վերջին ժամանակներում, սակայն, անցում է կատարել հոգեբանությանը՝ (մասնագիտությամբ նաև հոգեբան է) ստեղծագործությունների առանցքում պահելով մարդու եսակենտրոնությունից բխող բազմաթիվ խնդիրներ, դժբախտության ու միայնության զգացումները: Թարգմանությունը` Տաթևիկ Ստեփանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Ֆրենկ Լայմըն Բաում, «Օզման Օզից»

«Օզման Օզից» հեքիաթ-վիպակը Ֆրենկ Լայմըն Բաումի «Օզի երկիրը» շարքի երրորդ գիրքն է: Առաջին և երկրորդ գրքերին` «Օզի զարմանահրաշ կախարդը» և «Օզի սքանչելի երկիրը», հայ ընթերցողն արդեն ծանոթ է: Այս գրքում ընթերցողը կհանդիպի ոչ միայն նախորդ երկու գրքի հերոսներին` Դորոթիին, Խրտվիլակին, Անագե Անտառահատին, Վախկոտ Առյուծին, այլև կծանոթանա նոր հերոսների հետ, որոնք հարստացնում են Օզի երկրի մասին պատկերացումները: Թարգմանությունը` Նանե Գաբրիելյանի: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Կեղծ-Կալլիսթենես, Ապպիանոս, «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն: Ասորականք: Միհրդատականք»

                                       

Գիրքն ընդգրկում է անվանի պատմաբան և հին հունարենից թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի (1923–2011)՝ վերջերս հայտնաբերված երկու անտիպ թարգմանություն՝ բնույթով իրարից շատ տարբեր կիսաառասպելական «Ալեքսանդր Մակեդոնացու պատմության» և Ապպիանոսի «Հռոմի պատմություն» մեծակտավ պատմական երկի «Ասորականք» ու «Միհրդատականք» գրքերի (որոնցում կան հայոց պատմությանն առնչվող կարևոր տեղեկություններ): Կրկյաշարյանը չէր հասցրել խմբագրել իր թարգմանությունը և գրել առաջաբան ու ծանոթագրություններ: Այդ աշխատանքն արել և գիրքը հրատարակության է պատրաստել Գոհար Մուրադյանը։ Ցավոք, «Միհրդատականք»–ից պակասում են 95–121–րդ գլուխները։ Թարգմանությունը հին հունարենից` Սիմոն Կրկյաշարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]