Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը. 27 մոնոներկայացում՝ շուրջ 10 երկրից

Կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ 
փառատոնը. 27 մոնոներկայացում՝ շուրջ 10 երկրից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 17-21-ը կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական փառատոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին մասնակցում են Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը: Ցուցադրվելու է 27 մոնոներկայացում:

«Քանի որ տարին հոբելյանական է, մենք մեր մասնակիցներին պարգևատրելու ենք հենց 20-ամյակի առթիվ թողարկված հուշամեդալներով: Հոբելյանական տարին առանձնանալու է հագեցած հետաքրքիր ծրագրով: Նախ երկու նախագծեր ենք ներկայացնելու՝ Նարինե Գրիգորյանի «Գոմեշ»-ը, Ելենա Դուդիչի «Ռոմեո և Ջուլիետ կամ…» ներկայացումները:- Ասաց Մարիաննա Մխիթարյանը: Անդրադառնալով փառատոնի շրջանակում 20 տարիների ձեռքբերումներին՝ Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ մոնոներկայացումը սիրվեց հանդիսատեսի կողմից, նոր ներկայացումներ  ստեղծվեցին, դրանք Հայաստանից դուրս մեծ հաջողություններ ունեցան:  

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Փառատոնի բացումը կատարելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, որը հանդես է գալու «Ձայն մարդկային» մոնոօպերայում:

«Ինձ համար մեծ փորձություն է, օպերային երգչուհի լինելով, երբևիցե ինձ չեմ փորձել նման ժանրում: Անցած տարի մենք առաջնախաղը կատարեցինք օպերային թատրոնի բեմում: Հիմա հնարավորություն ունեմ նաև փառատոնի շրջանակում հանդես գալու: Հուսով եմ, որ այս կատարումից հետո նոր գաղափարներ կառաջանան, նոր հետաքրքրիր նյութեր կգտնեմ: Առհասարակ մոնոօպերաներ շատ գրված չեն: Մենք ընտրել ենք «Ձայն մարդկայինը», որը հանճարեղ գործ է, անհամբեր սպասում եմ ելույթի օրվան»,-ասաց Վարսենիկ Ավանյանը:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի ներքո։ Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց ներկայացման դիտում. կներկայացվի Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով։ Փառատոնի օրերին Երևանում ներկա կլինեն միջազգային հեղինակավոր փառատոնների տնօրեններ, փորձագետներ։ Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների՝ Ե. Չարենցի, Հ. Մաթևոսյանի, Պ. Զեյթունցյանի, Ա. Պաչյանի և այլոց գործեր,  որոնք կցուցադրվեն տարբեր փորձարարական թատերական հարթակներում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]