Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Երևանի ու մարզերի շուրջ 60 դասախոս մասնակցել է FAST-ի SciNova ծրագրի վերապատրաստման դասընթացներին

Երևանի ու մարզերի շուրջ 60 դասախոս մասնակցել է FAST-ի SciNova ծրագրի 
վերապատրաստման դասընթացներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ու մարզերի բնագիտամաթեմատիկական ուղղվածության շուրջ 15 համալսարանների՝ ավելի քան 60 դասախոս մասնակցել է  SciNova ծրագրի վերապատրաստումների նոր փուլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծրագիրն օժանդակում է դասախոսներին, որպեսզի վերջիններս «Գիտահետազոտության մեթոդաբանություն» և «Գիտական նորարարությունների առևտրայնացում» առարկաների դասավանդումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում իրականացնեն նորացված մեթոդներով, ուսանողներին զինեն գիտական հետազոտության իրականացման արդի հմտություններով և զարգացնեն հետազոտության արդյունքները նորարարության վերածելու կարողությունները։

«SciNova-ի գլխավոր նպատակը մեծ թվով ուսանողներին այն միտքը հասցնելն է, որ գիտությամբ զբաղվելը հեռանկարային է և պետք է զինվել համապատասխան հիմնարար գիտելիքներով։ Այդ հարցում շատ կարևոր է դասախոսների՝ որպես դեսպանների դերը»,- նշել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը: 

Գիտահետազոտության մեթոդաբանության թեմայի դասընթացավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանն էլ ասել է, որ SciNova ծրագրի վերապատրաստումներով վերափոխում ենք գիտահետազոտության դասընթացի դասավանդման մեթոդաբանությունը, որպեսզի դասախոսները կարողանան խանդավառել իրենց ուսանողներին՝ զբաղվել գիտությամբ: Նրա խոսքով՝ գիտական մեթոդաբանության դասավանդումը պետք է սկսել դեռևս դպրոցից, իսկ արդեն համալսարանական տարիներին խորացնել գիտելիքներն ու պայմաններ ապահովել գործնական աշխատանքների համար: 

Շիրակի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Գևորգյանը SciNova ծրագրի մասնակիցներից է, ունի ավելի քան քսան տարվա համալսարանական աշխատանքի փորձ, «Գիտահետազոտական մեթոդաբանություն» առարկան դասավանդում է և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում:

«Այս դասընթացը լավ փորձառություն է՝ նոր լուծումների վերաբերյալ տեղեկանալու, այլ դասախոսների հետ փորձի փոխանակման և մեր ունեցած գիտելիքը նորովի արժևորելու տեսանկյունից: Օրինակ, «գիտական արդյունքի առևտրայնացումը» ժամանակակից ու լայն հնչեղություն ունեցող թեմա է, բայց բուհական ծրագրերում շատ դժվար է ինտեգրվում: Հաճախ մենք ինքներս էլ լավ չենք պատկերացնում այն, հետևաբար ուսանողների համար ևս դժվար է դա յուրացնելը: Մանկավարժության մեջ նույն տեղում կանգնելը հավասարազոր է լճացման ու ձախողման, հետևաբար այն նոր մեթոդները, լուծումները, ուղիներն ու միջոցները, որ ձեռք ենք բերել այստեղ, պետք է կիրառենք ու թարմություն մտցնենք մեր դասավանդման պրակտիկայում»,-նշել է Լուսինե Գևորգյանը: 

SciNova վերապատրաստման ծրագրի դասընթացներն իրականացվել են երեք բաղադրիչով՝ «գիտահետազոտության մեթոդաբանություն», «գիտության նորարարությունների առևտրայնացում» և «ուսանողակենտրոն ուսումնառության մոտեցումներ»: Գիտահետազոտության մեթոդաբանության բաղադրիչի դասընթացները վարել են ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանն ու մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ոլորտի մասնագետ Անուշ Մանուչարյանը՝ քննարկելով թեմաներ, ինչպիսին են հետազոտության պլանավորումից մինչև իրականացում, դրամաշնորհների դիմում և գաղափարների գեներացում, արդյունավետ թիմային աշխատանքի տեխնիկաները:

«Փի Էս Այ» գիտանորարարական ընկերության համահիմնադիր Վարդան Գևորգյանը, «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Սարգիս Կնյազյանը և FAST-ի ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանը ներկայացրել են գիտական միտքը ապրանքի և/կամ տեխնոլոգիայի վերածելու արդյունավետ ուղիները, ծանոթացրել մտավոր սեփականության գրանցման ընթացակարգերին:

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, BAJ Accelerator-ի համահիմնադիր Արմեն Խրլոփյանը ներդրողների առջև արդյունավետ ներկայացման տեխնիկաներով է կիսվել դասընթացի մասնակիցների հետ: Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Լիլիթ Մինասյանն էլ ներկայացրել է դասավանդման ուսումնակենտրոն մոտեցումները և արդի մեթոդները, որոնք հնարավորություն կտան դասախոսների կողմից անցկացվող դասընթացները վերածել ակտիվ ուսումնառության՝ հնարավորինս ներգրավելով ուսանողներին դասապրոցեսում։

Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» նախաձեռնության շրջանակում: Դասընթացի և ուսումնաօժանդակ նյութերի մշակման հիմնական գործընկերը Մեծ Բրիտանիայի Ասթոն (Aston) համալսարանն է՝ որպես տեխնոլոգիայի փոխանցման և բիզնեսի ինկուբացիոն գործընթացների ոլորտում մեծ փորձ ունեցող միջազգային կառույց: 

SciNova-ի շրջանակում «Գիտահետազոտության մեթոդաբանություն» ու «Գիտական նորարարությունների առևտրայնացում» թեմաներով մշակվել են հայալեզու կրթական նյութեր, որոնք տրամադրվելու են դասախոսներին: 

Հաջորդիվ FAST-ն աջակցելու է նաև վերապատրաստված դասախոսներին և համալսարաններին իրենց կրթական ծրագրերում նշյալ դասընթացներն արդյունավետ ներդնելու հարցում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]