Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Ամերիկայի հայկական համագումարը դեմ է F-16-ի գործարքի համար Թուրքիայի առաջարկին

Ամերիկայի հայկական համագումարը դեմ է F-16-ի գործարքի համար Թուրքիայի 
առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի նոր զեկույցով, որը հրապարակվել է մայիսի 13-ին Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի կողմից՝ «Թուրքական ժողովրդավարություն» նախագծի հետ համատեղ, բացահայտվում է Թուրքիայի երկերեսանիությունը քաղաքական մանևրումների մեջ և որ այն արժանի չէ մահաբեր F-16-ների նոր խմբաքանակի վաճառքին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աղբյուրը տեղեկացնում է, որ Կոլումբիայի համալսարանի զեկույցում ասվում է. «Էրդողանիզմը պոպուլիստական բռնապետության և քաղաքական գաղափարախոսության ձև է, որը հիմնված է անձի պաշտամունքի վրա։ Իր հիմքում կոռումպացված լինելով՝ այն շովինիստական, ազգայնական և խտրական է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ռուսական քաղաքացիական հասարակության շատ ակտիվիստներ, ովքեր տեղափոխվեցին Թուրքիա, գտան, որ Թուրքիան մի ուրիշ տեսակի գուլագ է... Թուրքիան ճամփաբաժանի վրա է: Մեկ ճանապարհի վրա բարեփոխումներն են և իսկապես ժողովրդավարական Թուրքիան, որը հարգում է փոքրամասնություններին և մարդու իրավունքները: Մյուսի վրա՝ ավելի մեծ ավազակապետություն և մարդու իրավունքների խախտումներ են»:

 «Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն ժողովրդավարություններին՝ ոչ թե կզինեն ժողովրդավարությունը սպանողներին, ուստի մենք սկզբունքորեն դեմ ենք, որ ԱՄՆ-ը զենք տրամադրի Թուրքիային, հատկապես, հաշվի առնելով զեկույցներն այն մասին, որ 2020թ.-ի աշնանը արցախյան պատերազմում հայ ժողովրդի դեմ կիրառվել են F-16 կործանիչներ»,– ասել են Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։ «Առնվազն, ԱՄՆ-ը պետք է ապահովի, որ Թուրքիան դադարեցնի իր ագրեսիան հայ ժողովրդի դեմ՝ ոչ թե Էրդողանի և Ալիևի ռեժիմներին հնարավորություն ընձեռի շարունակել ցեղասպան վարքագծերը»,– շարունակել են համանախագահները։

 Ըստ աղբյուրի՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի և «Թուրքական ժողովրդավարություն» նախագծի զեկույցը տեղեկատվություն է տրամադրում «ռուս օլիգարխների կողմից իրենց ակտիվները պաշտպանելու ջանքերի մասին՝ իրենց սուպերզբոսանավերը Թուրքիայի նավահանգիստներում կայանելու, թուրքական բարձրակարգ անշարժ գույք գնելու և Թուրքիայում բանկային հաշիվներ բացելու միջոցով՝ իրենց ակտիվները բռնագրավումից պաշտպանելու համար»:

Համագումարի տեղեկացմամբ՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը «չպետք է փոխհատուցում ստանա՝ թույլ տալով իրեն ձեռք բերել 70 հատ F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ Lockheed Martin-ից»։ Նա շարունակել է, որ «Բայդենի վարչակազմը պետք է ավելի խորաթափանց լինի՝ ընկերոջը թշնամուց տարբերելուց»։

 Նշվում է, որ զեկույցը հրապարակվել էր Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Թուրքիայի կողմից հրապարակայնորեն դեմ արտահայտվելու և Էրդողանի դաշնակիցների պատվիրակության Վաշինգտոն այցելելու ընթացքում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]