1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»։ Ինչո՞ւ էին գողացել Չապլինի մարմինը

«Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»։ Ինչո՞ւ էին 
գողացել Չապլինի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի աշխարհահռչակ կինոդերասան, սցենարիստ, ռեժիսոր եւ երգահան, կինեմատոգրաֆի հանրագիտակ վարպետ Չարլի Չապլինը հոգեհարազատ է հայ մարդուն ոչ միայն որպես անգերազանցելի կատակերգակ, այլեւ, որ անուրանալի նպաստ է բերել եղեռնից մազապուրծ հայության բեկորներին. Հայոց ցեղասպանության տարիներին հիմնել է Հայ երեխաների օգնության հիմնադրամ, շրջել ողջ Եվրոպայով, հավաքել 1 միլիոն դոլար եւ ողջ գումարը նվիրաբերել հայ որբուկներին, անձամբ է այցելել նրանց, օգնել է ստեղծել մանկատներ, վերականգնողական հատուկ կենտրոններ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում:

Ողջ մարդկությանը քաջածանոթ եւ ժպիտներ պարգեւած անգլիացի դերասանի մանկությունը եղել է ծանր եւ աղքատ: Հայրը վաղաժամ է հեռացել կյանքից, մայրը՝ տառապել հոգեկան հիվանդությամբ: Ընտանեկան խեղճ վիճակը ստիպել է, որ դեռ տասը չբոլորած` սկսի աշխատել եւ այդ տարիքից էլ ստանձնել է դերեր՝ հանդես գալով երաժշտական սրահներում, ավելի ուշ՝ նաեւ բեմ բարձրացել որպես կատակերգակ դերասան: Տասնինը տարեկանում համագործակցում է «Ֆրեդ Կարնո» ընկերության հետ, որն էլ նրան հասցնելու էր Ամերիկա: Այս երկրում էլ ծագելու էր նրա աստղը: Առաջին քայլերն անում է է 1914-ին «Կեցություն ստեղծելով» համր ֆիլմում, շուտով բարելավում է հանրահայտ թափառաշրջիկի կերպարը եւ երկրպագուների բանակ հավաքում: 1919 թ. հիմնում է տարածաշրջանային Միացյալ արվեստագետների ընկերությունը, որը նրան ընձեռում է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը: Երեք տարի անց նկարահանում է իր առաջին լիամետրաժ «Փոքրիկը» կինոնկարը, որին հաջորդում են «Փարիզուհին», «Ոսկու տենդը», «Կրկեսը»: 1930-ին Չապլինը հրաժարվում է հնչյունային ֆիլմին վերադառնալուց՝ փոխարենը ստեղծելով «Մեծ քաղաքի լույսերը» եւ «Նոր ժամանակներ» ժապավենները՝ առանց երկխոսության: Քառասունականների սկզբից դերասանն սկսում է հետաքրքրվել նաեւ քաղաքականությամբ եւ 1940-ին նկարահանած «Մեծ բռնապետը» ֆիլմով ծաղրում է ֆաշիստ մարդակերին՝ Ադոլֆ Հիտլերին: Այս կինոնկարի նկարահանումների ժամանակ Չապլինին զգուշացնում են, որ անախորժություններ են սպասվում եւ խնդրում հրաժարվել ֆիլմի արտադրությունից՝ հավաստիացնելով, որ այն չի ցուցադրվի ոչ Անգլիայում, ոչ էլ ԱՄՆ-ում, որպեսզի չվնասի ԱՄՆ-ի եւ Գերմանիայի չեզոք հարաբերություններին: Երբ Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, վերեւից ճնշումները դադարում են, սակայն սպառնալիքներով նամակները շարունակվում են. ահաբեկողներն սպառնում էին խեղդող գազ բաց թողնել եւ կրակել այն կինոթատրոնների էկրաններին, որոնցում ֆիլմը կցուցադրվի: Այս ֆիլմի էկրան բարձրանալուց հետո գերմանական քարոզչությունը Չապլինին սկսում է հրեա անվանել: Հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովը սկսում է հետաքննել կինոգործչի գործունեությունը: Նրան մեղադրում են նաեւ կոմունիստներին համակրելու մեջ: Միեւնույն ժամանակ իր հայրության (նա ամուսնացել էր չորս անգամ, ունեցել 11 երեխա) դատական հայցը եւ իրենից չափազանց երիտասարդ աղջիկների հետ ամուսնությունները սկանդալների պատճառ էին դարձել, եւ, ըստ այդմ, դաշնային հետախուզում էր սկսվել նրա հանդեպ: Եվ մեծահամբավ արվեստագետը ստիպված լքում է Միացյալ Նահանգները եւ հաստատվում Շվեյցարիայում: Այդուհետ թափառաշրջիկի կերպարը այլեւս չի ընդգրկում իր ֆիլմերում՝ «Բեմի լույսերը», «Արքան Նյու Յորքից», «Կոմսուհին Հոնկոնգից» եւ այլն:

Ուշագրավ է այն իրողությունը, որ բազմատաղանդ այս անհատականությունն ինքն է գրել, խմբագրել, խաղացել եւ հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան իր ֆիլմերից շատերի համար, տարիներ է ծախսել պատկերի կատարելագործման եւ արտադրման վրա: Նրա՝ թափառաշրջիկի դիպուկ եւ հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ: Ֆիլմերից շատերը սոցիալական եւ քաղաքական ուղղվածություն ունեն, ինչպես նաեւ կենսագրական տարրեր: Նա դեռ մանուկ հասակից էր ծանոթ թշվառական կյանքին… 1972-ին, որպես իր վաստակի նոր գնահատանք, Չապլինին տրվում է Ակադեմիական մրցանակ՝ «կինեմատոգրաֆիան այս դարաշրջանի արվեստը դարձնելու անասելի ջանքերի համար»:

Համր կինոյի հանճարը վախճանվել է 88 տարեկան հասակում՝ 1977 թ. դեկտեմբերի 25-ին, Շվեյցարիայի Վեվ քաղաքի իր տանը եւ թաղվել տեղի գերեզմանոցում: Սակայն խանգարվելու էր բոլոր ժամանակների խոշորագույն դերասաններից մեկի հավիտենական նինջը. շիրիմից գողանում են նրա մարմինը: Հանցագործները հարազատներից փրկագին են պահանջում՝ սպառնալով ոչնչացնել գողացածը իրենց պայմանը չկատարելու դեպքում: Սակայն 11 շաբաթ անց ոստիկանությանը հաջողվում է բռնել գողերին, վերադարձնել դերասանի մարմինը եւ հանցագործության կրկնությունը բացառելու նպատակով, ոչ թե հողով, այլ մոտ երկու մետր հաստությամբ բետոնով են ծածկում անմահ կատակերգակի շիրիմը, նրա, ով իր դստերը հասցեագրած նամակն ամփոփել է այսպես. «Չարլին արդեն ծերացել է, Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սեւ զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ, միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ՝ Չապլինին: Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ: Փորձիր եւ դու…»:

Նա հրեշտակ չէր: Նա մեծ էր, մարդասեր ու նաեւ… հայասեր: 

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]