Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

ՌԴ-ում հասունացող տնտեսական ճգնաժամը ռիսկեր է ստեղծում ՀՀ տնտեսության համար. փորձագետը՝ազդեցությունների մասին

ՌԴ-ում հասունացող տնտեսական ճգնաժամը ռիսկեր է ստեղծում ՀՀ տնտեսության 
համար. փորձագետը՝ազդեցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուս-ուկրաինական հակամարտության, արևմտյան երկրների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսությունը բախվել է վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշոր տնտեսական շոկին, տարվա արդյունքով ակնկալվում է երկրի տնտեսության անկում, ինչի ազդեցությունից անմասն չի կարող մնալ Հայաստանի տնտեսությունը: Ըստ կանխատեսման, օրինակ, եթե, Ռուսաստանի տնտեսական աճը 5% անկում արձանագրի,  կհանգեցնի ՀՀ իրական ՀՆԱ-ի 2.1 տոկոս անկման:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի, ռուբլու փոխարժեքի անկայունության  ազդեցության մասին է խոսել  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը:

Խոսելով նախ Ռուսաստանի տնտեսությունից՝ փորձագետը նկատեց. «Եթե սկզբնական փուլում ակնհայտ էր, որ պատժամիջոցները շատ լուրջ բացասական հետևանքներ են թողնելու Ռուսաստանի տնտեսության վրա, ապա հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի տնտեսությունը որոշակի դիմադրողականություն է կարողացել ձեռք բերել:  Ընդ որում,  դրանց մի մասը նրանց հաջողվել է գեներացնել դեռևս 2014 թվականի պատժամիջոցների ֆոնի վրա: Սակայն պետք է փաստենք, որ դրանով հանդերձ առ այսօր Ռուսաստանի տնտեսությունը բախվել է վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշոր տնտեսական շոկի հետ: Եվ տարվա կտրվածքով մենք անկասկած ականատես ենք լինելու Ռուսաստանի տնտեսության անկման»:

Իսկ, թե որքա՞ն մեծ կլինի այդ ազդեցությունը և որքանով խորը կլինեն հետևանքները Ռուսաստանի հետագա տնտեսական զարգացումների համար, ապա  փորձագետները տարբեր գնահատականներ են հնչեցնում: Գնահատականները տարբերվում են 5-20 տոկոս տնտեսական անկման միջակայքում: Այս պահին ՌԴ-ի տնտեսության անկման համար կանխատեսվող թիվն ավելի շատ մոտ է 10 տոկոսին:

Իսկ, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, փորձագետներ Հայկ Բեջանյանն ու Նարեկ Կարապետյանը «ՌԴ փոխարժեքի անկայունության և տնտեսական ճգնաժամի ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա» հոդվածում տնտեսական տարբեր սցենարներ են դիտարկել: Դրա համար հիմք են ընդունել մի քանի գործոններ, առաջին հերթին՝ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները, որն ուղիղ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: «Եվ չպետք է չմոռանանք, որ ՌԴ-ն մեր հիմնական առևտրային գործընկերն է հանդիսանում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանում բացասական ազդեցությունները ուղիղ կերպով ազդում են թե մեր արտաքին առևտրաշրջանառության, թե դրանից բխող մեր տնտեսական զարգացումների ֆոնի վրա»,-ասաց Բեջանյանը:

Ըստ հոդվածի՝ Ռուսաստանում զրոյական սցենարի դեպքում ՀՀ տնտեսական աճը 2021 թ.-ի 5.7% ցուցանիշից զգալիորեն կդանդաղի դեպի 1.9%։ Արտահանման աճը կկազմի 8.4%, դեպի ՀՀ դրամական փոխանցումները կավելանան 12.1%-ով, իսկ ՀՀ դրամը նախորդ տարվա համեմատ կարժևորվի 2.1%-ով։ Ի տարբերություն զրոյական աճի սցենարի, ՌԴ տնտեսության 5-տոկոսանոց անկման սցենարի դեպքում անկում կարձանագրվի նաև ՀՀ-ի համար կանխատեսվող ցուցանիշ ներում։ Մասնավորապես՝ ՌԴ տնտեսական աճի 5% անկումը 2022 թ.-ին կհանգեցնի ՀՀ իրական ՀՆԱ-ի 2.1% անկման, արտահանման 0.7% նվազման, դրամական փոխանցումների 7.5% կրճատման և դրամի 1.1% արժեզրկման։ 10% անկման սցենարի դեպքում տնտեսական կորուստներն ավելի զգալի կլինեն։ Այդ սցենարի դեպքում ՀՀ տնտեսական անկումը կարող է հասնել 6.1%-ի, իսկ արտահանման անկումը՝ 9.8%-ի։ Դրամական փոխանցում­ների ծավալները կնվազեն 27.1%ով, իսկ դրամի արժեզրկումը կհասնի 5.1%-ի։

Ի լրումն մշակված սցենարների, այս փոփոխականների հնարավոր միտումների գնահատում իրականացվել է նաև ՌԴ կենտրոնական բանկի կողմից հրապարակված փորձագիտական հարցման արդյունքների հիման վրա, որտեղ 2022 թ.-ի համար կանխատեսվում է 8% տնտեսական անկում: ՌԴ տնտեսության  8% անկման պայմաններում ՀՀ տնտեսությունը կարձանագրի 4.5% անկում։ Արտահանման ծավալները կկրճատվեն 6.2%-ով, դրամական փոխանցումները՝ 19.3%-ով, իսկ դրամի արժեզրկումը կհասնի 3.5%-ի։

Աղյուսակները՝ «ՌԴ փոխարժեքի անկայունության և տնտեսական ճգնաժամի ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա» հոդվածից

Այսպիսով` հոդվածում շեշտվում է՝ ՌԴ-ում հասունացող տնտեսական ճգնաժամը էական ռիսկեր է ստեղծում ՀՀ տնտեսության համար՝ վտանգելով տնտեսական աճ արձանագրելու վերջինիս հնարավորությունները։ Ըստ ՌԴ զարգացումների սցենարի՝ ՀՀ-ում պետք է կանխատեսել դրամի արժեզրկում և տնտեսական անկում՝ հիմնականում արտահանման և տրանսֆերտների նվազման ազդեցությամբ։ Սակայն, այս գնահատականները հաշվի չեն առնում հնարավոր դրական զարգացումները, ինչպես, օրինակ, ՌԴ-ից աշխատուժի ներհոսքը Հայաստան, արտահանման նոր հնարավորությունների առաջացումը, որպես լոգիստիկ հանգույց դիրքավորվելու, ֆինանսական ծառայությունների աճի նոր հնարավորությունները, որոնք կարող են բավական էական լինել և զգալիորեն մեղմել բացասական ազդեցությունները։

«Երբ ի սկզբանե պատժամիջոցները գործարկվեցին, մենք ականատես եղանք ռուբլու փոխարժեքի շատ կտրուկ տատանումների, ընդհուպ մինչև 50 տոկոս արժեզրկման: Եվ սա, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունեցավ մեր տնտեսական համակարգի վրա: Մի կողմից մենք դա զգացինք առևտրաշրջանառության շղթայի միջոցով, որովհետև արժեզրկված ռուբլին մեր արտահանվող ապրանքների մրցակցային դիրքերը թուլացրեց: Մյուս կողմից, քանի որ մենք բավականին խոշոր տրանսֆերտներ ենք ստանում ՌԴ-ից, որոնք արտահայտված են ռուբլով, դրանց գնողունակությունը ևս բավականին նվազեց»,-ասաց փորձագետը:

Ապա նա նկատեց՝ սակայն զարգացումները ցույց տվեցին, որ մոտ 1 ամիս ժամանակ պահանջվեց ռուսական ռուբլուց՝ այս նոր իրողությանը հարմարվելու և իր դիրքերն ամրապնդելու համար: «Եվ այսօր արդեն ռուսական ռուբլու տատանումները մինչև հակամարտության սկիզբը չի գերազանցում մոտավորապես 10 տոկոսի միջակայքը, ինչը ցանկացած փոխարժեքի համար բավականին տրամաբանական տատանումների միջակայք է»,-ասաց Բեջանյանը:

Պայմանավորված Հայաստանի համար Ռուսաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր լինելու հանգամանքով՝ ռուսական ռուբլին և հայկական դրամը որոշակի փոխկապակցվածություն ունեն: Ռուբլու թուլացումը նաև դրամի դիրքերի թուլացման է հանգեցնում: Սակայն, ի հակադրումն դրա, վերջին շրջանում հայկական դրամը որոշակիորեն արժևորվեց: Բեջանյանը դա պայմանավորեց մի շարք հանգամանքներով: Նա օրինակ նշեց Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացիների մասին, որոնց հիմնական եկամուտը դոլարի կամ եվրոյի տեսքով է: «Սա էական փոփոխությունների է հանգեցրել մեր արտարժութային շրջանառության մեջ: Սա մի բաղադրիչ է, որ ուժեղացրել է դրամը: Մյուս կողմից մենք ականատես եղանք, որ ԿԲ-ի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նպատակադրումները թույլ տվեցին, որ դրամի նկատմամբ պահանջարկը ավելի բարձր լինի: Եվ այս ֆոնի վրա այս ամսվա սկզբին մենք ականատես եղանք դրամի դիրքերի բավական ուժեղացման: Սակայն հետագայում նաև ԿԲ-ի վարած քաղաքականության արդյունքում դրամը որոշակի թուլացրեց իր դիրքերը, և այսօր արդեն տեսնում ենք, որ այն որոշակի կայունացում է դրսևորել: Այս երկու գործոնները հենց պայմանավորել են վերջին 2 ամիսների արտարժութային շուկայի, փոխարժեքի տեղի ունեցած զարգացումները»,-ասաց նա:

Այս պահի դրությամբ ռուբլին կարողացել է իր դիրքը կայունացնել միջազգային շուկայում:  Փորձագետը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում չեն նշմարվում գործոններ, էական ռիսկեր, որոնք կարող են կրկին հանգեցնել ռուբլու կտրուկ տատանումների: «Կարճաժամկետ հեռանկարում առնվազն մենք որոշակի կայունության հնարավորություններ ենք նկատում»,-նշեց նա:

Իսկ, թե արդյոք Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալի նվազում կարձանագրվի՞, թե՞ ոչ՝ փորձագետը դեռ վաղ է համարում կանխատեսում անել՝ նկատելով, որ այս տարվա արտահանման ծավալները նախորդ տարվա հետ համադրելիս պետք է հաշվի առնել, որ  գտնվում ենք հետկորոնավիրուսային վերականգնման փուլում.մի քանի գործոններ են խառնված: «Սակայն, փոխարժեքի տատանումը, այսինքն` հայկական դրամի արժևորումը, բնականաբար, հանգեցնելու է որոշակի խնդիրների, իսկ թե որքանով կկարողանանք մենք այդ խնդիրները փոխհատուցել այս իրավիճակում առաջացած հնարավորություններով, այդքանով էլ ավելի արդյունավետ կլինի մեր արտահանման քաղաքականությունը: Եթե չկարողանանք ստեղծված հնարավորությունը ճիշտ օգտագործել, բնականաբար, բացասական ազդեցությունները շատ ավելի մեծ կլինեն»,-ասաց Բեջանյանը:

Իսկ թե ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստան կատարվող դրամական փոխանցումների վրա ի՞նչ ազդեցություն  կունենա՝  Բեջանյանը նախ ընդգծում է, որ վերջին տարիների ընթացքում որոշակի դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, և եթե տասնամյակ առաջ այդ դրամական փոխանցումների մեջ ՌԴ-ից փոխանցումների տեսակարար կշիռը բավականին բարձր էր, ապա հիմա այդ տեսակարար կշիռն ավելի փոքր է, և այդ առումով դրա բացասական ազդեցությունը ևս ավելի փոքր կլինի: «Սակայն չպետք է մոռանանք, որ այդ դրամական փոխանցումներից օգտվում է հիմնականում բնակչության խոցելի խավը: Եվ այդ փոխարժեքի տատանումը շատ ուղիղ ձևով անդրադառնում է նրանց եկամուտների ծավալների նվազեցման վրա, ինչն էլ, բնականաբար, հանգեցնում է մեր տնտեսության մեջ սպառման ծավալների կրճատման, բնակչության կենսամակարդակի նվազեցման: Եվ սա շղթայական էֆեկտով անդրադառնում է նաև տնտեսության մնացած հատվածների վրա»,-ասաց Բեջանյանը:

Հայաստանի 2022 թվականի բյուջեով ի սկզբանե նախատեսվել է 7 տոկոս տնտեսական աճ: ՀՀ կենտրոնական բանկը, սակայն, արդեն իսկ վերանայել է կանխատեսումը: ԿԲ հրապարակած կանխատեսումը շուրջ 3 անգամ ցածր է այդ 7-տոկոսանոց ցուցանիշից: «Սա, բնականաբար, իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեի համապատասխան եկամուտների կրճատման: Եվ, եթե հիմք ընդունենք, որ Ֆինանսների նախարարության կողմից հայտարարվել է, որ պետական բյուջեի ծախսային բաղադրիչի մեջ փոփոխություններ չի նախատեսվում իրականացնել, սա նշանակում է, որ կառավարությունը միտված է պակաս հավաքագրված եկամուտները փոխհատուցել լրացուցիչ պետական պարտքի ներգրավման միջոցով: Եվ, եթե առաջնորդվենք այդ սցենարով, ապա, եթե տարեսկզբին բյուջեի նախագծով նախատեսվում էր, որ 2022 թվականի տարեվերջին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը 62 տոկոսի մոտակայքում է տատանվելու, ապա այս սցենարի, այս կանխատեսվող զարգացումների դեպքում շատ հնարավոր է, որ մեր պետական պարտքը ՀՆԱ-ի մեջ իր տեսակարար կշիռը հասցնի մինչև 68 տոկոսի»,-ասաց Բեջանյանը:

Իսկ, թե Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի տնտեսության շոկերն ինչպե՞ս կզգան իրենց վրա՝ փորձագետը ներկայացնում է՝ առաջին հերթին այն քաղաքացիները, որոնք ուղիղ կապ ունեն տրանսֆերտների հետ, շատ ուղղակի կզգան այդ բացասական ազդեցությունները, քանի որ այնտեղի արտագնա աշխատողների մոտ եկամուտների փոփոխություն կնկատվի, և դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Երկրորդը՝ նրանք այդ բացասական ազդեցությունը կզգան փոխարժեքի տատանումների հետևանքով: Այն, որ այդպիսի բացասական ազդեցություն մենք զգալու ենք, կասկածի ենթակա չէ: Թե որքանով կկարողանանք այս ամենի արդյունքում առաջացած հնարավորությունները և ռիսկերը հակակշռել և նվազագաույն կորուստներով դուրս գալ, ցույց կտա ժամանակը և մեր կատարած աշխատանքը»,-ասաց նա:

Պատժամիջոցների հետևանքով ամբողջ աշխարհում գլոբալ փոխանցումային շղթաների խաթարումներ են արձանագրվում, և այն ռեսուրսների մասով, որոնց մասով ՌԴ-ն և Ուկրաինան բավականին խոշոր տեսակարար կշիռ ունեին, ամբողջ աշխարհում նկատվում են բավականին բարձր գնաճային դրսևորումներ: Դրա էֆեկտը կզգացվի նաև Հայաստանում:

Աննա Գրիգորյան                                            

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]