Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիեւ նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը

Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիեւ նոր եռակողմ հանդիպման 
կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ռուդենկոն ասել է «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:

«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը իրագործելու ուղղությամբ: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը անհրաժեշտության առաջացման դեպքում: Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ», - ասել է Անդրեյ Ռուդենկոն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում: Սոչիի հանդիպման ընթացքում երեք ղեկավարները քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]