Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Երևանի թանգարանները բազմաբնույթ միջոցառումներով կտոնեն «Թանգարանային գիշերը»

Երևանի թանգարանները բազմաբնույթ միջոցառումներով կտոնեն «Թանգարանային 
գիշերը»

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տարիներ շարունակ «Թանգարանային գիշերը» արվեստասերներին հնարավորություն է տալիս անվճար այցելելու ցանկացած թանգարան և ծանոթանալու արվեստի բացառիկ նմուշների, որոնց ոչ հաճախ է առնչվելու առիթ ստեղծվում: 2022 թվականը բացառություն չէ: Այս տարի ևս Հայաստանը միացել է նախաձեռնությանը, և թանգարանները տարբեր ծրագրեր են մշակել մայիսի 21-ին այցելուներին երեկոն հետաքրքիր դարձնելու համար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի մի քանի թանգարանի նախաձեռնությունները:

Հովհաննես Թումանյանի թանգարանում ժամը 18։00-23։45-ը բաց կլինի «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» ցուցահանդեսը, 16:00-ին «Ռոտոնդա» ներառական թատերախումբը հանդես կգա «Ես գտա ինձ» /5+/ թատերական ներկայացմամբ,
բաց կլինի նաև «Ծաղիկների երգը» photo-zone-ը, կանցկացվի «Ծաղիկների երգը» ինտերակտիվ խաղ-մրցույթը: 20:00-ին «Բեբուկ» ստվերների թատերախումբը կներկայացնի «Թումանյանական հեքիաթների պոպուրին», 20։30-23։00-ը կիրականացվի «Մեկ աչք, մեկ ականջ» անիմացիոն դրվագներ ծրագիրը: Տոնը կեզրափակվի թանգարանի ամառային այգում կազմակերպված համերգային ծրագրով:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ժամը 15:00-ին կանցկացվի «Սարյանը և Ֆրանսիան» կոնֆերանսը: Զեկուցողը տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն է: 16:00-ին «Հայաստանի նոր անուններ» շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները հանդես կգան համերգով: Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ 18:00-ին նրանք կկատարեն եվրոպացի այլ կոմպոզիտորների գործեր, 21:00-ին ևս տեղի կունենա համերգ, որի շրջանակում սոպրանո Նելլի Գասպարյանը դաշնակահար Վասիլի Ռոլիչի նվագակցությամբ կկատարի Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր երգերից:

Սերգեյ Փարաջանովի թանգարանում 11:00-23:59-ը բաց կլինի
«Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:

Հայաստանի պատմության թանգարանում ժամը 19:30-ին կբացվի ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ» խորագրով՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ, ինչպես նաև այլ նմուշներ: 

Ռուսական արվեստի թանգարանում ժամը 18:00-20:00-ն կանցկացվի «Զրույցներ ինքնաեռի շուրջ» հայկական և ռուսական թեյախմության երեկո, որի շրջանակում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» շահառուները կներկայացնեն հայկական և ռուսական թեյախմության առանձնահատկություններն ու գաղտնիքները, իսկ 20։30-21:30-ը թանգարանի այցելուները դաշնամուրային համերգ վայելելու հնարավորություն կունենան:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բակում ժամը 16:00-ին նախատեսվում է «Հանդիպում կոմպոզիտորի պատշգամբում»  նախագիծը, որի հյուրերը կլինեն դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և պրոդյուսեր, կարիերային ինքնորոշման փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Հանդիպման մասնակիցները «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտներն են:

18:00-ից մինչև կեսգիշեր կանցկացվի բացօթյա համերգ:
Մասնակիցներն են Երևանի Միքայել Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Առնո Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շառլ Ազնավուրի անվ. պետական արվեստի քոլեջի սաները և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները կճաշակեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

«Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է Բեռլինում 1997 թվականին:

Միջոցառումը լավ է ընդունվել, իսկ մասնակից հաստատությունների թիվը կտրուկ աճել է: Նախաձեռնությունն անցկացվել է Եվրոպայի ավելի քան 120 քաղաքում, ինչպես նաև Արգենտինայում և Ֆիլիպիններում: «Թանգարանային գիշերվա» ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր:

Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]