1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«1991» ստորաբաժանումը զորակոչիկներին հնարավորություն է ընձեռում ծրագրավորման գիտելիքները ծառայեցնել Զինված ուժերում

«1991» ստորաբաժանումը զորակոչիկներին հնարավորություն է ընձեռում 
ծրագրավորման գիտելիքները ծառայեցնել Զինված ուժերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մոտ երկու տարի է, ինչ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և Հայաստանի պաշտպանության նախարարության համատեղ ծրագիրը նոր հնարավորություններ է տալիս զորակոչի ենթակա տղաներին գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և  մաթեմատիկական գիտելիքները ծառայեցնել ՀՀ Զինված ուժերի թիրախային ոլորտներում:

FAST հիմնադրամը յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ կազմակերպում է դասընթացներ։ Վեցամսյա դասընթացն ամբողջովին անվճար է և անփոխարինելի կրթական և մասնագիտական հնարավորություն ապագա զինակոչիկների համար, որպեսզի հնարավորինս պատրաստվեն Զինված ուժերի «1991» ստորաբաժանում ընդունվելու քննությանը, որը կազմակերպվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Ստորաբաժանման կազմում ծառայության անցնում են քննության փուլերը հաջող ավարտած բոլոր մասնակիցները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի դասընթացավարներից Նշան Փոթիկյանը նշեց, որ նախապատրաստական դասընթացները սկսվել են 2020 թվականի հունվարից: «Դասընթացները բոլոր ապագա զորակոչիկներին հնարավորություն են ընձեռում խորությամբ ուսումնասիրել և յուրացնել տվյալագիտության և արհեստական բանականության ուղղությունները՝ մեծ ուշադրություն դարձնելով բարձրագույն մաթեմատիկայի և ծրագրավորման համապատասխան բաժիններին»,-ասաց մասնագետը:

Նա ասաց, որ նախագծի նպատակներից մեկն էր նաև ապահովել շարունակական կրթությունը, քանի որ այժմ տարկետումը դուրս է եկել,  և զորակոչիկները բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելուց հետո միանգամից զորակոչվում են բանակ: Այս նպատակով առաջ եկավ անհրաժեշտություն այս դասընթացը կազմակերպել, որպեսզի նրանք հատուկ ստորաբաժանման կազմում ծառայեն ու այդ ընթացքում էլ չկտրվեն մասնագիտական ուսուցումից:

Անդրադառնալով դասընթացի հնարավորություններին՝ մասնագետը նշեց, որ նույնիսկ այն մասնակիցները, ովքեր չեն անցնի ծառայության «1991» ստորաբաժանման կազմում, համենայնդեպս, գիտելիքները ստանում են և գոնե պատկերացնում են, թե ինչ է արհեստական բանականությունը, իսկ նրանք, ովքեր անցնում են ստորաբաժանման կազմում ծառայության, բնականաբար, էլ ավելի շատ գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերում իրենց ծառայության տարիներին, ինչպես նաև ներդրում են ունենում՝ Զինված ուժերում կարևոր նախագծերի վրա աշխատելով: Եվ ամենակարևորը՝ նրանք հետագա կարիերան ավելի վաղ տարիքից են սկսում:

 «Ծրագիրը նախատեսված է զորակոչի ենթակա տղաների ու այն երիտասարդ կանանց համար, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար դասընթացին մասնակցում են թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները»,-նշեց Փոթիկյանը։

Դասընթացավարը ներկայացրեց, որ դասընթացը բաղկացած է 5 մասից: Առաջին երկու մասերը զուգահեռ ընթանում են «Մաթեմատիկա» ու  «Ծրագրավորում» ուղղություններով, որոնք կարելի է ասել հիմքն են այս ոլորտի, դրանց ավարտից հետո սկսվում է «Մեքենայական ուսուցում» «Խորը ուսուցում»  առարկաների ուսումնասիրությունը: Դրանից հետո մասնակիցները  իրականացնում են ավարտական նախագծեր, որոնց մեջ արդեն ամբողջ սովորածը կիրառվում է:

«1991» ստորաբաժանման նախապատրաստական դասընթացի նախորդ փուլին մասնակցած Ալեքսանդրն ու Հովհաննեսը այժմ սպասում են զորակոչի իրենց հերթին՝ մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ուղղությամբ:

Ըստ մասնակիցների՝ ծրագիրը իրենց տվեց հնարավորություն ուսումնասիրել, մասնագիտանալ  մաթեմատիկայի, որոշ չափով էլ՝ ծրագրավորման ոլորտներում: Ծրագիրը նաև նրանց հնարավորություն է տվել մուտք գործել արհեստական բանականության աշխարհ, որի մասին մինչ այդ ընդհանրապես գաղափար չունեին, իսկ այժմ հստակ պատկերացնում են իրենց հենց այդ ոլորտում: Տղաները հատուկ շեշտեցին, որ դասընթացից ակնկալվող սպասելիքներն ավելի քան արդարացել են:

Դասընթացի ընթացիկ փուլի մասնակից Կորյունն էլ նշեց, որ, չնայած ընտրել է ծրագրավորման ոլորտը՝ մաթեմատիկան սիրելով, բայց ընդհանրապես ծանոթ չէր արհեստական բանականությանը: «Լսելով ծրագրի մասին՝ դիմեցի ու այժմ շատ ուրախ եմ, քանի որ մեծ ծավալի կարևոր գիտելիքներ ենք ստանում և վստահ եմ, որ  ծրագրի ավարտին կարելի է ասել որոշ չափով կդառնանք մասնագետ»,-ասաց մասնակիցը:

Դասընթացավարը ասաց, որ այն մասնակիցները, ովքեր չեն ընդգրկվի նախապատրաստական փուլում, կարող են մտնել FAST-ի կայք, որտեղ ամբողջ կրթական նյութերը կան, վիդեոդասերը հասանելի են, վարժությունները կարող են ներբեռնել իրենց համակարգիչ և ինքնուրույն պարապել:

Մասնագետը ներկայացրեց, որ ներկայում ընթացքի մեջ է «1991» ստորաբաժանման նախապատրաստական հինգերորդ դասընթացը, որն ունի 95 մասնակից: «1991» ստորաբաժանման նախապատրաստական 5 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել է 410 երիտասարդ, իրականացվել է 15 խմբային ավարտական նախագիծ:

«1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբի 6-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու հայտերն  արդեն ընդունվում են. ժամկետը՝ մինչև հունիսի 17-ը ներառյալ:

Զրուցեց Գայանե Գաբոյանը

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]