1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նվիրում Կոմիտասին» ցուցադրությանը ներկայացվեցին Չարենցի պոեմի բացառիկ պատառիկներ

«Նվիրում Կոմիտասին» ցուցադրությանը ներկայացվեցին Չարենցի  պոեմի  
բացառիկ  պատառիկներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, որը նշվում է մայիսի 18-ին, միջմշակութային համագործակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

«Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են պատառիկներ Չարենցի «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Ցուցադրվեց նաև Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Չարենցը և Կոմիտասը» կտավը։

Ձեռագրերի մասին տեղեկություններ հաղորդելով՝ բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցն ասաց՝ Չարենցը երբեք չէր հանդիպել Կոմիտասին և առաջին անգամ տեսավ, երբ Կոմիտասի աճյունը մահից ամիսներ անց հասավ Հայաստան: «Չնայած Չարենցը վատառողջ էր, սակայն գնաց վերջին հրաժեշտը տալու Կոմիտասին ու այնտեղից մի մոմե երկնագույն ծաղիկ վերցրեց որպես հիշատակ: Երկու օր անց Չարենցը մի քանի օրում գրեց «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam» պոեմը: Հետագայում նա մշակեց պոեմը և փոփոխությունների ենթարկեց»,-պատմեց Գոհար Չարենցը:

Ձեռագիրը Չարենցի բազմաթիվ այլ գործերի հետ միասին հողի տակ պահել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Չարենցի մտերիմ ընկեր Ռեգինա Ղազարյանը: Ստեղծագործությունները հողի տակ են մնացել 17 տարի: Դրանք դուրս են բերվել Կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո: Մի մասը ոչնչացել է և հնարավոր չի եղել վերականգնել, սակայն «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam»  պոեմը բավականին լավ վիճակում է եղել:

«Զարմանալին այն է, որ, չնայած մայրս՝ Անահիտ Չարենցը,  երկու տարեկան էր, երբ կորցրել է հորը, բայց միայն նա էր կարողանում կարդալ ձեռագիրը: Երկար տարիներ տաժանակիր աշխատանքի շնորհիվ նա վերծանեց ձեռագրերը և 1983 թվականին բավականին մեծ գիրք հրատարակվեց՝ հիմնված ձեռագրերի վրա: Այս երկու պատառիկները մորս որոշմամբ ենք նվիրաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Դրանցից առաջինը չի մտել հիմնական պոեմի մեջ, ներառվել է ծանոթագրություններում: Սա անտիպ է համարվում, իսկ երկրորդ պատառիկն ընդգրկվել է գլխավոր հրատարակության մեջ: Պոեմի բոլոր հատվածները բաղկացած են ութնյակներից, և գլխավոր տարբերակն ունի 142 ութնյակ»,-մանրամասնեց մեծ բանաստեղծի թոռնուհին ու հավելեց՝ ուրախ է, որ պատառիկները իրենց տեղը կգտնեն թանգարան-ինստիտուտում, և այցելուները կտեսնեն, թե ինչ պաշտամունք է ունեցել Չարենցը Կոմիտասի հանդեպ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ ընդգծեց, որ պատառիկները կարևոր նշանակություն ունեն իրենց համար և ուրույն տեղ են զբաղեցնում թանգարան-ինստիտուտում: «Որոշել ենք ավանդույթի վերածել և հանրությանը պարբերաբար ներկայացնել այն ցուցանմուշները, որոնք նվիրել են թանգարան-ինստիտուտին»,-նշեց նա և տեղեկացրեց, որ հետաքրքիր ցուցադրություններ են սպասվում մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակում:

Կլինեն կրթական ծրագրեր, զրույց-հանդիպումներ, համերգներ, մշտական ցուցադրությունը բաց կլինի մինչև կեսգիշեր և կբացվի «Ձայնադարան» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի Երաժշտական գրադարանի ձայնապնակների  մի մասը:

«Նվիրում Կոմիտասին» ցուցադրությանը հաջորդեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատարների մասնակցությամբ համերգային ծրագիրը, որի հատուկ հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։  Հնչեցին Կոմիտասի, Վլադիլեն Բալյանի, Ավետ Տերտերյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները: Մեներգիչներն էին ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը, Նավասարդ Հակոբյանը, Սիլվա Պետրոսյանը, Ֆերդինանդ Մուրադյանը, Լուսինե Ստեփանյանը, Անի Ղուշչյանը: Նվագակցեցին Հասմիկ Անտոնյանը, Լիլիթ Աբովյանը, Լևոն Ջավադյանը, որը ծրագրի գեղարվեստական ղեկավարն է:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]