Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Զորամասի հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու համար Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել

Զորամասի հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու համար 
Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի մայիսի 18-ին մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին։ Նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա», որի կապակցությամբ բժշկական միջամտությամբ կատարվել է ստենտավորում։

Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք։

Վերոգրյալով պայմանավորված, նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեն հավելել է, որ քրեական վարույթի շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Արթուր Գալեյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]