Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական հուշագրությունը

Լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական 
հուշագրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակախոս, հոգեբան Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական հուշագրությունը պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին՝ նկարագրելով նրանց հավաքական դեմքը։ Գիրքը վերհիշել է տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որը  հրատարակել է «Վերնատունը»,  ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք։ Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։

Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ հեղինակը տեքստում գործածում է ետադարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ։

Տեքստում ամեն բան արված է սիրով, հոգատարությամբ, խնամքով, ինչպիսին և հերոսների վերաբերմունքն է միմյանց և քաղաքի հանդեպ։

«Լուսինե Հովհաննիսյանը վավերագրական գրականության ժանրում ստեղծագործող լավագույն հեղինակներից է։ Նա կարողանում է ճշգրտորեն արձանագրել հեռացող ժամանակը»,- Լուսինե Հովհաննիսյանի արձակն այսպես է բնութագրել բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը:

Գրքի խմբագիրը Արմեն Սարգսյանն է, ձևավորումը Արարատ Մինասյանի աշխատանքն է, կազմի հեղինակն է Լիլիթ Ալթունյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]