Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրի շրջանակում ընթանում են ՇՄԱԳ աշխատանքները

«Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրի շրջանակում ընթանում են ՇՄԱԳ 
աշխատանքները

ԹԱԼԻՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Այգ-1» արևային ֆոտովոլտային 200 մՎտ հզորությամբ կայանի կառուցման ծրագրի շրջանակում ներկայում Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում ընթանում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՇՄԱԳ աշխատանքները  ներառում են` բոլոր հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում, համապատասխան մեղմման միջոցառումների մշակում, մասնավորապես՝ ազդեցություն կենսաբազմազանության վրա, պատմահնագիտական արժեք ներկայացնող տարածքների վրա, սոցիալական ազդեցություն և այլն։  Աշխատանքներն իրականացվում են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Մասդար» ընկերության կողմից որդեգրած ամենախիստ միջազգային չափանիշներով` ներգրավելով տեղական եւ օտարերկրյա մասնագետների խմբեր։ 

««Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը Հայաստանի համար ունի ռազմավարական շատ կարևոր նշանակություն՝ և՛ներդրումային, և՛ նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից: Այս ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտը երկրում, որի համաձայն նախատեսվում է կառուցել մինչև 1000 մՎտ հզորության արևային կայաններ, նպատակ ունենալով մինչև 2030 թվականը արևային կայանների կողմից արտադրված էներգիայի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ հասցնել 15 տոկոսի։ Այս տեսանկյունից շատ ենք կարևորում «Մասդար» ընկերության հետ համագործակցությունը, քանի որ ընկերությունը ունի մեծ փորձառություն վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսպանիայում, Հնդկաստանում և իր տեխնոլոգիաներով նաև նպաստում է գլոբալ մարտահրավերների լուծմանը»,- ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Նրա խոսքով՝ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը պլանավորվում է ավարտել և շահագործման հանձնել 2025 թվականին։

«Սա ճանապարհի սկիզբն է, քանի որ «Մասդար»-ի գործընկերները արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել ևս մեկ համանման հզորությամբ արևային կայան Հայաստանում հիմնելու, և այդ ուղղությամբ ևս արդեն ունենք նախնական պայմանավորվածություն»,- հավելեց Հայկ Թադևոսյանը։

ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության կողմից արդեն տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան արևային և կլիմայական պայմանների մոնիտորինգի համար մետեո կայան` համալրված տարբեր տեսակի չափիչ սարքերով և տվիչներով։

«Այս մետեո կայանի միջոցով հավաքվում են բոլոր տեխնիկական տվյալները, որոնք անհրաժեշտ են ճիշտ նախագծելու և արևային ֆոտովոլտային կայանը ճիշտ կառուցելու համար»,- ավելացրեց Հայկ Թադևոսյանը։

Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ «Ի էյ Էներջի Ըդվայզորի» և «Գեոդիզայն» ընկերությունների կողմից իրականացվում են տարածքի գեոդեզիական քարտեզագրման աշխատանքներ, ճարտարագիտա-երկրաբանական հետազոտություններ, էլեկտրաէներգետիկական համակարգի վրա ազդեցության գնահատում և համակարգին միացման հնարավորությունների ուսումնասիրություն: Կազմակերպության կողմից ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ, որոնց հետ համատեղ պատմահնագիտական ուսումնասիրությունների շրջանակում մանրակրկիտ իրականացվում են դաշտային հետազոտական աշխատանքներ։

«Ի էյ Էներջի Ըդվայզորի» ընկերության ներկայացուցիչ, բնապահպանության փորձագետ Միքայել Թևոսյանն ասաց, որ այս պահին իրականացնում են հնագիտական հետազոտություններ, մոտ օրերս սկսելու են ուսումնասիրություններ իրականացնել կենսաբազմազանության հետ կապված։

«Մենք արդեն անցկացրել ենք հանրային քննարկումները Թալինի համայնքապետարանում, որի արդյունքում հավաքագրել ենք տեղի բնակչության մտահոգող բոլոր հարցերը, փորձել ենք առավելագույնս լուծում տալ։ Այս պահի դրությամբ ներկայացրել ենք փորձաքննության նախնական գնահատման հայտը ՝ համաձայն Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի։ Մենք ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս կունենանք բոլոր արդյունքները և հնարավոր կլինի արդեն ամբողջությամբ անցնել նախագծային փուլ՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության բոլոր ռիսկերը և գտնելով համապատասխան լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն բոլոր ազդեցությունները»,- ասաց Միքայել Թևոսյանը։

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, տարածքի պատմահնագիտական ուսումնասիրություններ իրականացնող Բորիս Գասպարյանի խոսքով՝ իր հետ աշխատում է հնագետների և քարտեզագետների խումբ, որի նպատակն է քարտեզագրել, համարակալել, որակել և դասակարգել  կառուցվող արևային ֆոտովոլտային կայանի տարածքում և նրա հարևանությամբ գտնվող հնագիտական միավորները և հնավայրերը, լուծումներ գտնել պատմամշակութային ժառանգությունը չվնասելու համար։

«Հիմա այդ աշխատանքներն ընթանում են, փակել ենք տարածքի 70 տոկոսը։ Աշխատանքներն ավարտելուց հետո կունենանք հստակ գնահատական, թե քանի հուշարձան ենք պեղել, քանի հուշարձան ենք փորձելու համադրել այդ արևային պանելների հետ և նաև կլինեն տարածքներ, որոնց դեպքում կխնդրենք ձեռք չտալ, քանի որ դրանք ունեն պատմամշակութային շատ կարևոր արժեք: Ինչու չէ՝ ապագայում կփորձենք դա համադրել զբոսաշրջության զարգացման հետ, որպեսզի այն ընկերությունը, որը զբաղվում է արևային էներգիայի արտադրությամբ, մեզ հետ համատեղ զբաղվի զբոսաշրջությամբ և կարողանանք միասին տարածքը օգտագործել համայնքի զարգացման համար»,- ընդգծեց Գասպարյանը։

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողը նշեց, որ միջազգային ներդրումային մեծ ծրագրերը իրենց հետ բերեցին պատմահնագիտական ուսումնասիրություններ կատարելու մշակույթը։

«Ցանկալի կլիներ, որ մեծ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրում ամեն շինարարական նախագծում հաշվի առնվի պատմահնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործոնը և այդ ամենը անեն քաղաքակիրթ ձևով։ Իհարկե, երկրին պետք են կայաններ, ճանապարհներ, գործարաններ: Որևե հնագետ դրան դեմ չէ, բայց պետք չէ դա անել պատմամշակությաին ժառանգության հաշվին»,- շեշտեց Գասպարյանը։

Հնագետի խոսքով՝ տարածքում գտնվել են դամբարաններ, քայթ որսադարաններ, 300-400 հազար տարվա հնության բնակատեղիներ, 18-19 դարերի նյութական մշակույթին բնորոշ մնացորդներ, որոնց պահպանման ուղղությամբ կփորձեն լուծումներ գտնել։

2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Մասդար» ընկերության միջև 200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում ստորագրվել է  կառավարության աջակցության համաձայնագիր։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 մլն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին:

Մասնակցելով պոտենցիալ հաջող և ռազմավարական բիզնես ծրագրերին՝ ԱՆԻՖ-ն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելով՝  ստեղծում հավելյալ արժեք, ինչպես նաև նպաստում է ներքին, արտաքին ներդրողների և Հայաստանի պետության՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]