Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հայաստանում գործող բիոլաբորատորիաների հետ կապված ռուս գործընկերների բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ. Արմեն Գրիգորյան

Հայաստանում գործող բիոլաբորատորիաների հետ կապված ռուս գործընկերների բոլոր 
հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաբանական անվտանգությանը վերաբերող հուշագիր, ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ. Հայաստանում նման լաբորատորիաները միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը, այնտեղ աշխատում են միայն Հայաստանի քաղաքացիներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասաց ՀՀ անվտանգությնա խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանում բիոանվտանգության հետ կապված խնդիրներ կան, և ռուսական կողմը հարցադրումներ ունի:

Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է բիոանվտանգության ոլորտը: Այդ աշխատանքային խումբը համակարգում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան, և այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի վստահեցմամբ՝ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ: «Այդ լաբորատորիաները գործում են Հայաստանի օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն Հայաստանի շահերը: Բացի այդ,  կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի գրասենյակների համագործակցության օրակարգում: Եվ մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ»,-ասաց նա:

Գրիգորյանը հայտնեց, որ վերջերս նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանն է եղել Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը: «Հայկական կողմը տվել է բոլոր հարցերին սպառիչ պատասխան: Նաև այդ աշխատանքային խումբը քննարկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև բիոանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ ՀՀ-ի և ՌԴ միջև գոյություն ունի բիոանվտանգությանը վերաբերող հուշագիր: Համագործակցությունը կարգավորվում է նաև այդ հուշագրով: Հուշագիրը ստորագրվել է անցյալ տարի:

«Մենք շարունակում ենք աշխատել այդ հուշագիրը իրականություն դարձնելու ուղղությամբ: Հայաստանը շարունակում է բիոանվտանգության հարցերով համագործակցել իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի կարողությունները տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում: Այդ համագործակցությունը մենք իրականացնում ենք նաև թափանցիկության և միջազգային բարձր չափանիշների հիման վրա»,-վստահեցրեց Գրիգորյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]