Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց 
ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Մայիսի 19-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը:

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն: Պոնտոսի հույների ցեղասպանությանը, որը իրականացվել է 1916-1923 թթ-երին, ավելի քան 350 000 պոնտոսցի հույներ են զոհ դարձել։

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն է և զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը և ցեղասպանությանը և վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը:

Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաև՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում։

«Այլևս երբե´ք»-ի կարգախոսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության և հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաև՝ վճռականորեն և աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող և ցեղասպան միջավայր ձևավորող հռետորաբանությունը:

Հիշում ենք և խոնարհվում»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]