Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցը

Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների 
ապաշրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Էրդողանի հետ բանակցություններից հետո Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը [ուկրաինական] ճգնաժամի կարգավորման հարցում, նրանք պայմանավորվել են աշխատել միասին՝ բացելու ուկրաինական հացահատիկի պաշարների մատակարարման կենսական կարևորության ուղիները և թուլացնելու պարենի համաշխարհային գների աճը», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկու քաղաքական գործիչները «արտահայտել են իրենց ընդհանուր խորը մտահոգությունը» Ուկրաինայում շարունակվող հակամարտության և «եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հեռահար հետևանքների վերաբերյալ»:

Անդրադարձ է կատարվել նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցին: Ջոնսոնը հույս է հայտնել, որ Թուրքիան կարճ ժամանակում կլուծի տարաձայնությունները դաշինքի անդամ դառնալ ցանկացող Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]