Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ հնարավորությունները

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության 
մշակման շուրջ հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և ԱՀ լիազոր մարմինների մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ունեցել ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները:

«Առաջիկայում մենք վերջնականացնելու ենք ժողովրդագրության հարցերով զբաղվող պետական ձևաչափերի ու սկզբունքների հստակեցումը, որպեսզի ձեռնամուխ լինենք ժողովրդագրության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը: Զուգահեռ կստեղծենք աշխատանքային խմբեր՝ ընդգրկելու համար տարբեր մասնագետներ Արցախից, ՀՀ-ից ու Սփյուռքից, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրներին և նպատակներին համապատասխան արդյունավետ ռազմավարություն մշակել և իրագործել առնվազն մի քանի տարվա կտրվածքով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով՝ հաշվի առնելով միասնական մարտահրավերների ու ռազմավարական նպատակների առկայությունը:

Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և պատվիրակության այլ անդամներ ներկայացրել են ժողովրդագրության ռազմավարության մշակման սեփական փորձն ու մեթոդաբանությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՀ և ՀՀ լիազոր մարմինների ջանքերի համատեղման ու ներդաշնակեցման շուրջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]