«Նոր գիրք»-17/22. Բալայան, Ֆիցջերալդ, Շահինքանաթ, Ինան, Հուսիկ քահանա Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Նոր` «Հետք» մատենաշարով սկիզբ է դրվում դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների հրատարակմանը: Առաջին գրքում հայ գրականության մեջ այս ժանրի լավագույն հեղինակներից Վիկտոր Բալայանի ստեղծագործություններն են: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը։
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից:
Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
«Երեք փիսիկ, մեկ հրեշ» գիրքը «Երեք փիսիկ, մեկ երազանք» գրքի հերոսների՝ Փիթիի, Փաթիի ու Փուսի արկածների շարունակությունն է... Թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի։ Խմբագիր` Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Գրքում ազատ զրույցի ոճով ներկայացվում են ժամանակակից հայ ընտանիքների առջև ծառացած մարտահրավերների հոգևոր պատճառները, դրանցից հաղթանակած դուրս գալու և ամուսնական հարաբերությունները ջերմացնելու հոգևոր ճանապարհները: Պողոս Առաքյալի «Սիրո օրհներգի» (Ա Կորնթ. 13:4–8) տասնհինգ մտքերի վրա հիմնվելով՝ գիրքն առաջարկում է 15 գործնական քայլեր, որոնք անփոխարինելի են ընտանիքը և սերը ամուր պահելու համար: Նախատեսված է ընտանիքների, երիտասարդների և ընթերցողների լայն շրջանակի համար: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում