1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-չինական բարեկամական նոր ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզից

Հայ-չինական բարեկամական նոր ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի  դեսպանատունը սկսում է նոր ծրագիր, որի նպատակն է նպաստել մարզերի զարգացմանը, առաջընթացին կրթության, զբոսաշրջության ինչպես նաև առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում: Նոր ծրագիրը մեկնարկելու է  Արագածոտնի մարզից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Չինաստանի դեսպան  Ֆան Յոնգը շեշտեց, որ ցանկանում են համագործակցել  Հայաստանի բոլոր մարզերի հետ:

«Ես Հայաստան եկել եմ 2020 թվականի նոյեմբերին:  Համավարակի պատճառով չեմ հասցրել այցելել Հայաստանի մարզեր, և այս ծրագիրը հիանալի հնարավորություն է այդ բացը լրացնելու համար: Ծրագիրը սկսեցինք Արագածոտնի մարզից և կշարունակենք մնացած մարզերի հետ նույնպես զարգացնել հարաբերությունները: Մենք նաև ցանկանում ենք Չինաստանն ավելի շատ ներկայացնել հայ ժողովրդին ՝ գրքեր թարգմանելով և մի շարք միջոցառումներ իրականացնելով, որպեսզի հայ ժողովուրդը ճանաչի և ավելի հետաքրքրվի Չինաստանով:  Պլանավորում ենք Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ խոսել,  ներկայացնել  այսօրվա մեր այցը Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց, որպեսզի կարողանան համագործակցել և կրթության ոլորտը զարգացնել Արագածոտնի մարզում»,-ասաց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի մարզերի հետ համագործակցության շրջանակում նախատեսում են զարգացնել զբոսաշրջության ոլորտը, փորձելու են  այնպես անել, որ չինացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանը:

«Այսօրվա մեր հանդիպմանը քննարկեցինք, թե Արագածոտնի մարզում ի՞նչ ապրանքներ կան, որ կհետաքրքրեն Չինաստանի ժողովրդին և ինչ ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան»,-ասաց դեսպանը:

 ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ասաց, որ համագործակցության առաջարկը եղել է  Չինաստանի դեսպանատան կողմից, ինչը սիրով ընդունել են:

«Այսօրվա մեր հանդիպումը շատ արդյունավետ էր, և հուսով եմ՝ սկիզբ կդնի մեր համագործակցությանը մի շարք ոլորտներում: Մենք տարբեր թեմաներ քննարկեցինք մեծարգո դեսպանի հետ, թե՛ կրթության, թե՛ մշակութային և բիզնես ոլորտներում համագործակցություն սկսելու ուղղությամբ: Պայմանավորվածություն ենք  ձեռք բերել երկրորդ անգամ հանդիպելու և ավելի առարկայական խոսելու, թե ինչ ձևաչափով ներդնենք չինարեն լեզվի ուսուցումը մեր դպրոցներում, ինչպես նաև նպատակներ ունենք  իրականացնել «Չինաստանի օրեր» Արագածոտնի մարզում: Նաև բիզնես ոլորտում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք »,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ հանդիպման  ընթացքում պարզ դարձավ, որ դեսպանին շատ հետաքրքրում էր գինեգործությունը, իսկ Արագածոտնի մարզը այդ առումով շատ զարգացած է, և գինու արտադրության ոլորտում ունեն  բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք շատ լավ արդյունքներ են գրանցել: «Կարծում եմ, որ հաջորդ հանդիպման ժամանակ շատ ավելի խորքային կքննարկենք գինեգործության  հարցը, որը և՛ դեսպանին է հետաքրքրում,  և՛ մեզ համար շատ առաջնային ոլորտ է»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]