Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկման նոր կարգավորում՝ մետաղական հանքավայրեր շահագործողների համար. խորհրդարանը քննարկեց նախագիծը

Հարկման նոր կարգավորում՝ մետաղական հանքավայրեր շահագործողների համար. 
խորհրդարանը քննարկեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը նախատեսվում է դարձնել  ավելի արդար, արդյունավետ, մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ-ում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ներկայացմանը:

Ըստ նրա՝ փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020-ի աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում: Այս պարագայում գնահատվում է, որ ռոյալթիի գործող համակարգը, ըստ էության, հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքը արդարաբար բաշխել կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսավարողների միջև: «Առաջարկվող համակարգը ենթադրում է ռոյալթիի շահութաբերությունից կախված բաղադրիչի ամրապնդում, առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Այն, ըստ էության, ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է: Եվ դրանով իսկ ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցողների համար: Ի տարբերություն ռոյալթիի շահութաբերությունից կախված գործող բաղադրիչի, երկրորդ բաղադրիչն ունի մի փոքր այլ տրամաբանություն: Սա այն իմաստով, որ առաջարկվում է լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որը, ըստ էության, ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»,-ասաց Պողոսյանը:

Ապա նա հավելեց՝ առաջարկվում է «ստատուս քվոն» պահպանել այն պայմաններում, երբ շահութաբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Այս երկրորդ բաղադրիչը սկսում է կիրառվել, երբ  շահութաբերությունը գերազանցում է 10 տոկոսը: «Սա շատ կարևոր դրվագ է այն իմաստով, որ երբ մետաղների գները վերադառնան մի փոքր ավելի ցածր մակարդակի, կստացվի այնպես, որ մենք որևէ բեռ չենք ավելացնում ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների համար»,- ասաց փոխնախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ հանքարդյունաբերական ընկերությունները վճարում են շահութահարկ, նաև՝ ռոյալթի, որն իրենց շրջանառությունից կախված որոշակի տոկոս է և շահույթից կախված որոշակի գումար: «Ռոյալթիի իմաստն այն է, որ անկախ նրանից, որ հանքարդյունաբերող ընկերությունը մասնավոր ընկերություն է և աշխատում է շահույթի համար և մնացած բոլոր ընկերությունների նման վճարում է շահութահարկ, սակայն, քանի որ ընդերքը պատկանում է ժողովրդին, իրենք՝ անկախ նրանից՝ շահույթով կաշխատեն, թե վնասով, միևնույն է, պետք է որոշակի գումար մուծեն»,-ասաց պատգամավորը:

Պղնձի գների աճին համահունչ, երբ կար կանխավարկած, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավականին բարձր շահույթներ են ունենում, այդ շահույթը՝ հասարակության և ընկերության միջև արդարացի բաշխելու համար ներդրվեց պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը: Սակայն, Թունյանի խոսքով, տուրքի ներդրումը որոշակի խնդիր է պարունակում, օրինակ՝ վնասաբերությամբ աշխատող ընկերությունների համար լուրջ խնդիրներ է ստեղծել, հաշվի չի առնվում տարբեր հանքերի մեջ պղնձի կամ այլ մետաղների պարունակությունը:

«Հիմա առաջարկվում է հետևյալը. մենք այդ արտահանման տուրքը հանում ենք: Փոխարենը ունենում ենք հետևյալ պատկերը. ընկերությունները նախկինի նման վճարում են շահութահարկ, նախկինի նման վճարում են ռոյալթի, սակայն սահմանվում է որոշակի շեմ, որը պայմանականորեն կարող ենք անվանել գերշահութաբերության շեմ՝ 10 տոկոս, և, եթե ընկերությունն այդ 10 տոկոսից բարձր շահութաբերությամբ է աշխատում, այդ ավելցուկ մասի համար լրացուցիչ 15 տոկոս պետք է վճարի»,- պարզաբանեց Թունյանը:

Ըստ նրա՝ ընկերությունների համար, որոնք աշխատում են վնասով,  ոչինչ չի փոխվի, արտահանման տուրքը դուրս կգա, եթե պղնձի գները պահպանվեն բարձր մակարդակի վրա, ընկերությունները աշխատեն շահութաբերության որոշակի մակարդակից վերև, կվճարեն  ավելի շատ, քան նախկինում էին վճարում, բայց ավելի քիչ, քան հիմա գործող արտահանման տուրքի կարգավորումն է: Թունյանը նաև համաձայնեց Սիսակ Գաբրիելյանի մտքին, որ այդ լրացուցիչ հարկերով ուսուցչին, բժշկին կարելի է ավելի շատ աշխատավարձ վճարել՝ կարևորելով հավասարակշռված մոտեցումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]