Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մնջախաղի թատրոնի «Շերանիկ» ներկայացումը կմասնակցի միջազգային թատերական փառատոնին

Մնջախաղի թատրոնի «Շերանիկ» ներկայացումը կմասնակցի միջազգային թատերական 
փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Շերանիկ» ներկայացումը բեմադրելու առիթ են դարձել 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարները, որոնք բեմադրության մեջ կենդանանում են, շունչ առնում:

Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, բեմադրող նկարիչը՝ Շամիր Շահիրյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Վաչե Շարաֆյանը, մասնակցելու է 2022-ի հունիսի 3-12-ը ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում անցկացվող «Ու Տրոիցի» (У Троицы)  միջազգային թատերական փառատոնին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բեմադրիչ Ժիրայր Դադասյանը պատմեց, որ իրեն հրավիրել են փառատոնին մասնակցելու որպես ժյուրիի անդամ և առաջարկել  թատրոնի խաղացանկի որևէ ներկայացում ցուցադրել:

«Փառատոնն ունի հոգևոր ուղղվածություն: «Շերանիկն» այդպիսին է»,- նշեց Դադասյանն ու հավելեց՝ բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայոց մայրաքաղաք Անիի առօրյան:

Երիտասարդ զինվորականի՝ Շերանիկի, տեսիլքի մեջ առյուծ է ծնվում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Բնակիչները զվարճանում են Բարեկենդանի տոնին և չեն նկատում, թե ինչպես է թշնամին ծածուկ թափանցել քաղաք: Հոգևորականը ցանկանում է սթափեցնել քաղաքի երիտասարդ բնակիչներին, որոնք տրվել էին աշխարհիկ վայելքներին: Թշնամին գայթակղում է Անիի խորհրդանիշ առյուծին, և քաղաքը կործանվում է: Շերանիկը սպանում է առյուծին և ընտրում հոգևոր կյանքը: Պատկերները դառնում են նորից մանրանկար:

«Շերանիկ» ներկայացմամբ եզրափակվելու է փառատոնը: Ժիրայր Դադասյանը հույս ունի, որ այն անպայման որևէ մրցանակի կարժանանա:

Անդրադառնալով «խոսող» թատրոնների փառատոններին մասնակցելուն՝ Դադասյանն ասաց՝ վաղուց չեն մասնակցում հենց մնջախաղի փառատոնների, քանի որ դրանք շատ քիչ են: «Մեր թատրոնի գեղագիտությունն ու ուղղվածությունը դրամատիկ մնջախաղն է: Սա թատրոն է մարմնի լեզվով, սակայն թատրոն է, ուստի մեզ շատ հաճախ հրավիրում են «խոսող» փառատոնների: Մակեդոնիայում մասնակցել ենք անտիկ դրամայի փառատոնի, որում ընդգրկված էին «խոսող» թատրոնները, բայց  «Գրան պրիի» մենք արժանացանք»,-հիշեցրեց նա ու տեղեկացրեց, որ հրավեր է ստացել Լեհաստանից. Վրոցլավի Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնում  օգոստոսին վարպետաց դասեր է անցկացնելու:

Դադասյանի խոսքով՝ համավարակից հետո միջազգային կապերն ասես վերակենդանանում են և նոր հնարավորություններ ստեղծում:

Ժիրայր Դադասյանը կարծում է՝ տարիների ընթացքում Հայաստանում մնջախաղն առավել արժևորվել է, հետաքրքրությունը մեծացել է, իսկ անհրաժեշտությունն ու կարևորությունն ընդգծվել:

«Եթե տասնյակ տարիներ առաջ մնջախաղը ուսուցման իմաստով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չէր ընկալվում որպես կարևոր բաղադիչ, ապա այսօր Յուրի Կոստանյանի հետ մնջախաղ ենք դասավանդում ինստիտուտի տարբեր կուրսերում, քանի որ այն չափազանց անհրաժեշտ է շարժման սկզբունքները հասկանալու համար: Մնջախաղն այսօր սպիտակ գրիմով և սպիտակ ձեռնոցներով դասական, էստրադային մնջախաղը չէ,  այնինչ շատերն այդպես են այն ընկալում: Մեր թատրոնի գեղագիտությունն ամբողջովին կոտրեց այդ կարծրատիպերը, և մնջախաղն սկսվեց ընկալվել որպես թատրոն»,- շեշտեց Դադասյանն ու հայտնեց, որ առաջիկայում անակնկալ են մատուցելու փոքրիկներին: Բեմ են բարձրացնելու «Ալիսան հրաշքների և հայելիների թագավորությունում» ներկայացումը:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am