1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երազանքս է գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել. 10 հարց գիտնականին

Երազանքս է գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել. 10 
հարց գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հետազոտող Իրինա Տիրոսյանը մանկուց որոշել էր զբաղվել գիտությամբ։ Իր կարիերայում հետաքրքիր փորձառություններ շատ է ունեցել, սակայն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տվյալագիտության և արհեստական բանականության ուղղությամբ դասընթացին՝ AI Bootcamp-ին, մասնակցությունը եղավ շրջադարձային, որը հստակ կանխորոշեց իր ապագան։ Նախկինում երբեք չէր պատկերացնի, որ մի օր, համակարգչային գիտությունն ընտրելով, կզբաղվի դեղանման միջոցների հայտնաբերմամբ։ 2020 թվականից Denovo Sciences ընկերությունում աշխատում է որպես տվյալագետ, զուգահեռ դասախոսում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

Ին՞չը դարձավ շարժառիթ ընտրելու գիտության ուղին։

Մանկուց եղել եմ հետաքրքրասեր, միշտ ցանկացել եմ պարզել,  թե այս կամ այն նյութը ինչից է բաղկացած, ինչպես է աշխատում։ Անընդհատ քանդում-հավաքում էի խաղալիքներս, ձեռքիս տակ եղած մյուս իրերը, որպեսզի հասկանայի մեխանիզմը։ Շատերը մանկությունից կհիշեն՝ փոքրիկ հավաքածուներ կային, որոնք թույլ էին տալիս քիմիական էքսպերիմենտներ անել։ Իսկ նոր բաներ բացահայտելն իմ տարերքն էր։

Դպրոցական տարիներին շատ եմ սիրել մաթեմատիկա առարկան։ Ըստ իս՝ մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որը կանոնների և բանաձևերի միջոցով լավագույնս բացատրում  է առարկաների կազմությունը, նրանց միջև կապը։ Երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշեցի և դիմեցի Հայաստանի ամերիկյան համալսարան «Համակարգչային գիտություն» բաժին։ Ինչո՞ւ հենց համակարգչային գիտություն, որովհետև այն լայն հնարավորություններ է ընձեռում աշխատելու տարբեր ոլորտներում։

Աշխատել սկսել եմ ուսանողական տարիներից, առաջին փորձառությունս Wolfram Research ամերիկյան խոշոր ընկերությունում էր,  աշխատանքային պրակտիկա եմ անցել նաև PicsArt-ում մեքենայական ուսուցման հետազոտության ուղղությամբ։

Մագիստրատուրայում սովորում և զուգահեռ աշխատում էի որպես դասախոսի օգնական: Հենց այդ ժամանակ էր, երբ FAST-ը կազմակերպեց AI Bootcamp-ը, որին սիրով մասնակցեցի, նույնիսկ միասին նախագիծ իրականացրեցինք։ Որոշ ժամանակ անց առաջարկ ստացա աշխատելու FAST-ի ASCENT (Advanced Solutions Center) ծրագրի շրջանակում ստեղծված  Denovo Sciences ընկերությունում:

 

Ձեր շրջապատում, ընտանիքում կայի՞ն մարդիկ, ովքեր ոգեշնչում էին կամ աջակցում, որ գնաք դեպի գիտություն։

Նախկինում շրջապատումս գիտնականներ չեն եղել: Ծնողներս պարզապես հարգել են իմ որոշումը։ Եվ նրանք, բնավ, չեն զարմացել մասնագիտական ընտրությանս հարցում, քանի որ ինձ լավ են ճանաչել։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ աջակցում են ցանկացած հարցում։

 

Կա՞ն գիտնականներ, ովքեր Ձեզ համար օրինակելի կերպար են:

Այո, օրինակ՝ Denovo Sciences կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Զաքարյանը, ով կոտրում է գիտնականների մասին բոլոր կարծրատիպերը։

Նա երիտասարդ է, ունի ընտանիք, իր նախասիրություններն ու հետաքրքրությունները։ Մյուս կողմից  ակտիվորեն զբաղվում է  գիտությամբ, ունի իր սեփական լաբորատորիան։

Հովակիմ Զաքարյանը շատերի համար ուղենշային գիտնական է։ Նրան ամեն օր քո թիմում տեսնելով՝ ոգեշնչվում և մոտիվացվում ես։

 

Մի փոքր կներկայացնե՞ք Denovo Sciences ընկերությունում որպես տվյալագետ Ձեր աշխատանքի բնույթը։

Մենք զբաղվում ենք դեղանման նյութերի հայտնաբերմամբ։ Մեր թիմում ներգրավված են ինչպես կենսաբաններ, քիմիկոսներ, այնպես էլ տվյալագետներ։ Ավանդական եղանակի պարագայում հետազոտողները ստիպված են լինում տիրապետել դեղամիջոցների կամ դրանց հետ կապված նյութերի վերաբերյալ ահռելի ինֆորմացիայի, շատ մոլեկուլներ սինթեզել, տարբեր փորձեր կատարել՝ այդպես էլ վստահ չլինելով, որ, ի վերջո, արդյունքը կգոհացնի։ Գուցե, կրկին  փորձեր կատարելու անհրաժեշտություն առաջանա, ինչը պահանջում է երկար տարիների աշխատանք ու մեծ ֆինանսական ռեսուրսների ներդրում:

Մենք չենք սինթեզում ահռելի քանակով մոլեկուլներ և հետո փորձարկում լաբորատորիայում, այլ արհեստական բանականության հիման վրա մշակել ենք ալգորիթմներ, որոնց շնորհիվ կարողանում ենք առանց այդ տվյալների բազայի կիրառման արագացնել դեղերի հայտնաբերման գործընթացը։

Ալգորիթմն առանձնացնում է որակյալ մոլեկուլները, սիմուլացիաներ ստեղծում, հետո սինթեզում ենք և թեսթավորում, պարզում, թե ինչպես են ազդում այս կամ այն հիվանդության թիրախի վրա, ֆիլտրում ենք, այդպիսով խնայում ենք ժամանակ և ռեսուրսներ։ Նշեմ նաև, որ անընդհատ աշխատում ենք ալգորիթմների բարելավման ուղղությամբ, ինչի շնորհիվ մեզ հաջողվում է հետազոտել տարբեր հիվանդությունների թիրախները, իսկ ավանդական եղանակով աշխատող հետազոտողների գործունեությունը սահմանափակվում է այնքանով, որքանով թույլ կտա իրենց դատաբազան։

Այս պահին իրականացնում ենք նախագծեր հեպատիտ B և հեպատիտ C վիրուսների դեմ հակավիրուսային դեղեր հայտնաբերելու ուղղությամբ: Առաջինի դեպքում համագործակցում ենք Էմորի համալսարանի և անձամբ պրոֆեսոր Ռայմոնդ Շինազիի հետ, երկրորդի դեպքում՝ Սան Դիեգոյի համալսարանի հետ պրոֆեսոր Թոմաս Հերմանի գլխավորությամբ:

 

Կհիշե՞ք որևէ շրջադարձային պահ Ձեր կարիերայի կերտման գործում:

Երևի թե FAST-ի կազմակերպած AI Bootcamp-ին մասնակցությունը, որտեղ առաջին անգամ հանդիպեցի իմ ապագա թիմակիցներին, ծանոթացա աշխատանքի բնույթին։ Նախկինում երբեք չէի պատկերացնի, որ կկարողանամ նոր դեղեր հայտնաբերել  (հեղ.-ժպտում է)։

 

Ո՞վ է գիտնականը ըստ Ձեզ։

Այսպիսի կարծրատիպ կա. եթե չունես գիտական աստիճան, ուրեմն գիտնական չես, բայց իմ կարծիքով, եթե կիրառում ես գիտական մեթոդները, զբաղվում նոր սխեմաների բացահայտմամբ,  ունես սեփական հետազոտության միջոցներ, դա բավական է, որպեսզի գիտնական համարվես։ Մերօրյա գիտնականը բազմակողմանի է, նրա  աշխատանքը շարունակական է, այն չի ավարտվում զուտ ուսումնասիրությամբ։ Գիտությունն օդի մեջ կախված չի մնում, գործնական կիրառությունը դարձել է նույնքան կարևոր, որքան տեսականը։

 

Իսկ ժամանակին Ձեր նշած այդ կարծրատիպերը չխանգարեցի՞ն Ձեզ։

Գուցե նախկինում շատերի համար զարմանալի թվար, որ երիտասարդ աղջիկը կարող է գիտությամբ զբաղվել, սակայն վերջին տարիներին փոխվել է նաև հասարակության մտածելակերպը։ Հիմա գիտությամբ զբաղվելը դարձել է թրենդային։

 

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան:

Վաղվա օրվա մասին մտածելը, որն այն կարող է ավելի լավը լինել, քան այսօրը կամ երեկ։ Անընդհատ հմտություններդ կատարելագործելու ձգտումը, աստիճանաբար աշխատանքիդ արդյունքը տեսնելը, իսկ դա մի ուրիշ հաճույք է։ Բացահայտել այն, ինչը դեռ ուսումնասիրված չէ, լինել առաջինը…

 

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական:

Ես խոսքս կուղղեի իր շրջապատին, որ նրան ընձեռեն այդ հնարավորությունը, քաջալերեն, երբեք չկոտրեն, որպեսզի երեխայի մեջ սերը և հետաքրքրվածությունը դեպի գիտություն միշտ արթուն մնա մինչ այն տարիքը, երբ նա պատրաստ կլինի ինքնուրույն շարունակել իր ճանապարհը։

 

Ո՞րն է որպես գիտնականի Ձեր երազանքը: 

Գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել։

 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

Աշտարակից Երևան, հետո Միլան ու Բազել գիտնական դառնալու մանկության երազանքի հետևից. Սմբատ Գևորգյան

 

Մարդկության համար որևէ օգտակար հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը. Էլլա Մինասյան

 

Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան

 

Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան

 

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

 

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

 

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

 

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]