Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Կերտվում են արժեքներ, որոնք հաջորդ հարյուրամյակների համար են․ պաշտոնապես բացվեց «Արմենպրես»-ի իսպաներեն բաժինը

Կերտվում են արժեքներ, որոնք հաջորդ հարյուրամյակների համար են․ պաշտոնապես 
բացվեց «Արմենպրես»-ի իսպաներեն բաժինը
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում մայիսի 24-ին հանդիսավորությամբ բացվեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության իսպաներեն բաժինը։
Լուսանկարները` Արմենպրես պետական լրատվական գործակալության
Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի կազմակերպած ընդունելությանը ներկա էին հայկական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, արգենտինացի և հայ լրագրողներ։
«Արմենպրես»-ի իսպաներեն բաժինը գործարկվել է դեսպանի ներդրած ջանքերի շնորհիվ՝ Հայաստանի ձայնն աշխարհին ավելի լսելի դարձնելու գաղափարի շուրջ միավորելով «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամի նվիրյալներին։ Հիմնադրամի աջակցությամբ կայքի հայերեն նյութերը թարգմանում են իսպաներեն` արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների կողմից։ Բաժնի աշխատանքը համակարգում ու խմբագրում է ՀՀ դեսպանության երկարամյա և վաստակաշատ աշխատակից Ռուբեն Մոզյանը, որը թարգմանական աշխատանքի տասնամյակների փորձ ունի։
Դեսպան Վիրաբյանն իր խոսքում նախ ներկաներին տեղեկացրեց «Արմենպրես»-ի և Արգենտինայի ազգային ՏԵԼԱՄ լրատվական գործակալության միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի մասին՝ ընդգծելով, որ կապը, շփումները, տվյալների, նորությունների և փորձի փոխանակումը լուրջ ներդրում կլինեն Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում՝ միաժամանակ նպաստելով երկու ժողովուրդների միջև բարեկամության և սերտ շփումների զարգացմանը։
«Փոխադարձ ճանաչողությունը, տեղեկատվության հասանելիությունը և երկու երկրների առօրյա կյանքի, կարևորագույն հարցերի շուրջ դիրքորոշումների տարածումը փոխադարձ սիրո և հարգանքի ամուր հիմք է, որը դրսևորվում է ավելի քան մեկ դար: Նարինե Նազարյանի այցը համընկնում է նաև մեկ այլ կարևորագույն իրադարձության հետ։ «Արմենպրես»-ի կայքի իսպաներեն բաժնի գործարկումը նոր կամուրջ է ստեղծում Հայաստանից դեպի իսպանալեզու սփյուռք և դեպի ավելի քան քսան երկրներ, որտեղ իսպաներենը պաշտոնական, մշակութային և գրական լեզու է: Մենք հպարտ ենք երկու իրադարձություններով: Դրանք հարստացնում են հայ-արգենտինական հարաբերությունների շրջանակը և ընդլայնում երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության դաշտերը»,-հայտարարեց դեսպանը։
Նա ընդգծեց «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամի աջակցությունն ու հովանավորությունն այս ծրագրի իրագործման գործում։ Նրա խոսքով՝ հիմնադիր բարերարների թողած հետագիծն ու ժառանգությունը, ազգի և Հայաստանի վերածննդի հանդեպ ունեցած հանձնառությունը մեծ ու հայրենանվեր նպատակների իրագործման խթան են:
«Հիմնադրամի անշահախնդիր աջակցությամբ նախագիծն իրականություն է դառնում, որը վկայում է, որ Մայր հայրենիքի հարուստ քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ, մշակութային և մարզական կյանքի մի մասը հասանելի է դառնում իսպանախոս լսարանին։ Սա ևս մեկ ջանք է, գուցե ամբողջը չէ, բայց նախաձեռնությունն արժեքավոր է, իսկ ձեռքբերումն ավելի քան խոստումնալից»,-ընդգծեց դեսպանը։
Հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Կարագյոզյանն ընդգծեց՝ նախաձեռնությունն օբյեկտիվություն և ճշմարտություն կտարածի իսպանալեզու լրատվական դաշտում՝ թույլ չտալով, որպեսզի կողմնակալ մոտեցումներն անփորձ ընթերցողին հեռացնեն հայաստանյան իրականությունից և մեծապես նպաստելով Հայաստանում, Արցախում և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու ամենօրյա պայքարին։
«Ես ուզում եմ անդրադառնալ այն անձնական հույզին, որը զգացի՝ «Արմենպրես»-ի իսպաներեն բաժինը բացելիս: Դա մեզ թույլ է տալիս մեզ մեր համակարգիչների էկրանին մեկ սեղմումով մուտք գործել հայկական աշխարհ այն լեզվով, որին մենք լավագույնս ենք տիրապետում: Մենք ողջունում ենք Նարինե Նազարյանի ներկայությունը, երախտապարտ ենք, որ նա եկել է կիսելու մեր ուրախությունը և կոչ ենք անում ամուր կանգնած մնալ օբյեկտիվ լրագրության հիմքում, որը հայրենիքի ձայնը հասցնում է աշխարհին»,-նշեց Կարագյոզյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն իր խոսքում ընդգծեց, որ գործակալության իսպաներեն բաժնի բացման օրն ունի բոլոր նախադրյալները պատմական համարվելու։ Նրա խոսքով՝ Լատինական Ամերիկայի սրտից «Արմենպրես»-ը նոր ճանապարհորդություն է սկսում դեպի նոր ու յուրահատուկ հանգրվան։ «ՏԵԼԱՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը համալրում է «Արմենպրես»-ի միջազգային գործակցության շրջանակը և մաս կազմում մոտ երկու տասնյակ երկրների լրատվական գործակալությունների հետ ստորագրված փաստաթղթերի ցանկի։ Իսկ կայքի իսպաներեն էջի բացումը կարևոր քայլ է աշխարհի հետ աշխարհին հասկանալի լեզվով խոսելու ճանապարհին։ Իսպաներենը մոտ երկու տասնյակ պետությունների պաշտոնական լեզուն է, ունի 500 միլիոնից ավելի լեզվակիր. Եվրոպայի, Հարավային Ամերիկայի տարածաշրջաններն ընդգրկող մեծ ու յուրահատուկ լեզվական ընտանիք «Արմենպրես»-ի մուտքը նոր ու առանձնահատուկ լրատվական կամուրջ կկառուցի Հայաստանի և աշխարհի միջև։ Մենք այսօր կերտում ենք պատմություն, մենք այսօր կերտում ենք արժեքներ, որոնք հաջորդ հարյուրամյակների համար են»,- նշեց Նազարյանը։
Նարինե Նազարյանն «Արմենպրես»-ի անունից պատվոգիր է շնորհել Ռուբեն Մոզյանին՝ իսպաներեն բաժնի բացման գործում ներդրած անգնահատելի ջանքերի համար։







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]