Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Հայ-արգենտինական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Արգենտինայի դեսպան

Հայ-արգենտինական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Արգենտինայի 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նրա խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացման համար տարիների ընթացքում շատ բան է արվել, սակայն անելիքներ դեռ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նա շեշտեց՝ այն, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանություն կա, պայմանավորված է նաև Արգենտինայի հայկական մեծ համայնքով:

«Դրանով է բացատրվում նաև այն, թե ինչու ենք Հայաստանում Արգենտինայի ազգային տոնի առթիվ, որը նշվում է մայիսի 25-ին, արգենտինացի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպետիի մասնակցությամբ համերգ կազմակերպվում, որը կայանալու է մայիսի 27-ին: Դա ևս հայ-արգենտինական ամուր կապերի վառ դրսևորում է»,- ընդգծեց նա:

Դեսպանը խոստովանեց, որ հիացած է Հայաստանով, քանի որ այստեղ մշակույթը բարձր մակարդակի վրա է, և Հայաստանում սիրում ու գնահատում են երաժշտությունը:

«Նկատել ենք, որ երաժշտասեր հայ հասարակայնությունը առանձնահատուկ  վերաբերմունք ունի արգենտինական տանգոյի հանդեպ, հատկապես սիրված են Աստոր Պիացոլայի գործերը: Լավ կլիներ, եթե արգենտինացի մի բանդոնեոնահար գար Հայաստան, մնար այստեղ, համերգներով հանդես գար տարածաշրջանում ու մշտապես արգենտինական երաժշտություն հնչեցներ: Շատ լավ կլիներ, եթե Հայաստանում արգենտինական տանգոյի դպրոց բացվեր և այստեղ տանգոյի պրոֆեսիոնալ պարողներ լինեին»,- շեշտեց Մարիանո Վերգարան:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին նախատեսում են ևս մեկ համերգ կազմակերպել Երևանում՝ համագործակցելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը նվիրված կլինի Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

«Բավականին հագեցած մշակութային ծրագրեր ենք կյանքի կոչելու: Կլինեն լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, գրական գործերի թարգմանությունների շնորհանդեսներ և այլ միջոցառումներ»,- եզրափակեց դեսպանը:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]