Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինհրապարակ

Գեղարքունիքի մարզպետն այցելել է  Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց 
շենքի շինհրապարակ

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի եւ շինարարության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինհրապարակ, ծանոթացել  շինարարական աշխատանքների ընթացքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բժշկական նորակառույց ու արդի բուժսարքավորումներով հագեցած կենտրոնն ունենալու է 55 մահճակալ՝ չհաշված հեմոդիալիզ իրականացնող ծառայության մահճակալները: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում, ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են  2020 թվականի ամռանը։

Կառուցվելու է 1 ընդհանուր մասնաշենք՝ 6 բաժիններով: Նորակառույց ԲԿ-ում գործելու են ընդունարան, շտապ օգնության կայան, արյան փոխներարկման կենտրոն, վիրահատական երկու բլոկ, հեմոդիալիզի, ինտենսիվ թերապիայի, պոլիկլինիկայի, թերապեւտիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական բաժանմունքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր բաժանմունքների մուտքերն ապահովվելու են թեքահարթակներով:

Ինչպես մարզպետին ներկայացրել են  շինարարության պատասխանատուները՝ այս պահին բժշկական կենտրոնի նոր շենքի տարբեր մասնաշենքերում իրականացվում են տանիքների կառուցման, դռների եւ պատուհանների տեղադրման, շենքի արտաքին մասերի երեսպատման, ենթակառուցվածքների անցկացման, որոշ հատվածներում նաեւ՝ ներքին հարդարման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Գեւորգյան եւ Ներսիսյան» ընկերության կողմից։

Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման համար ներդրվել է շուրջ 2 միլիարդ 232 միլիոն դրամ։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ 2022 թվականի տարեվերջ։ Համաշխարհային բանկի աջակցությամբ նորակառույց բժշկական կենտրոնը կհամալրվի նաեւ նոր գույքով եւ ժամանակակից բուժսարքավորումներով։ Այցի ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը շինարարության ընթացքի վերաբերյալ արել է դիտողություններ եւ առաջարկություններ։  

 

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]