1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-Ադրբեջան բանակցային սեղանին մի քանի ուղղություններով կա առաջընթաց․ Արարատ Միրզոյան

ՀՀ-Ադրբեջան բանակցային սեղանին մի քանի ուղղություններով կա առաջընթաց․ 
Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել, և կան ուղղություններ, որտեղ դիրքորոշումները կարող են կամ հնարավորություն ունեն համընկնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին, թե  ինչպիսի՞ն են հայկական կողմի պատկերացումները խաղաղության վերաբերյալ և ո՞ր պատկերացումներն են համընկնում Հայաստանի և Ադրբեջանի, նաև միջնորդների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և ո՞ր պատկերացումները չեն համընկնում, սակայն հնարավորություն կա բանակցելու և ընդհանուր եզրեր գտնելու, որի վերջնական արդյունքում հնարավոր կլինի հաստատել խաղաղություն։

«Ձեր հարցն, ըստ էության, ամբողջ բանակցային կամ ենթադրյալ բանակցային գործընթացի բոլոր հնարավոր նրբերանգների մասին էր։ Ես, իհարկե, կդժվարանամ այս ժամանակում բոլոր ենթահարցերին պատասխանել, բայց վարչապետը ծավալուն կերպով արդեն իսկ խոսեց այդ թեմաների մասին։ Կարող եմ ավելացնել միայն, որ Հայաստան- Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին դրվածը բավականին թափանցիկ և հրապարակային է, և կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ ունենք որոշակի առաջընթաց և կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու։

Օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ փոխվարչապետերը և նրանց գլխավորած հանձնաժողովները հանդիպել են միմյանց հետ Հայաստան-Ադրբեջան սահմանին և առաջին հանդիպմանը քննարկվել են աշխատանքային և մեթոդական հարցերը։ Կա պայմանավորվածություն մյուս հանդիպումը կազմակերպելու Մոսկվայում։ Անշուշտ, որոշակի պատկերացումներ կան։

Մեկ այլ ուղղություն տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։

Այս մասին բազմիցս խոսել եմ և կարող եմ վերահաստատել, որ բոլոր վերաբացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Կան էլի համընկնումներ, և այս առումով ես լավատես եմ»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարի ու կես առաջ և որով ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է և, կարծես թե, կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։

Ինչ վերաբերվում  է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Միրզոյանը նշեց, որ առայժմ բանակցություններ են բանակցությունների մասին։

 «Այստեղ կողմերը փորձում են հասկանալ պարամետրերը, կառուցվածքը, ձևաչափը և այլն։ Մենք այստեղ ունենք մեր հստակ դիրքորոշումները, Ադրբեջանն ունի իր դիրքորոշումները։ Այս կամ այն միջնորդները ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Այդ դիրքորոշումներն ամենևին միշտ չէ, որ համընկնում են կամ շատ ավելի հաճախ չեն համընկնում, քան համընկնում են, բայց բանակցությունները նաև այսպիսի հարցեր լուծելու համար են»,- եզրափակեց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]