Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում 
փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ եւ հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձեւով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]