Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր 
համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա:

Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:

«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա:

2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ  Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]