1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, պատկառանքի առարկան դառնա․ Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, պատկառանքի առարկան 
դառնա․ Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է վարչապետի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ.

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը:

Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն:

Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում:

Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:

Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել:

Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս:

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]