Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-18/22.  Աբովյան, Ազնավուր, Սթիվենսոն, Թալեբ   

«Նոր գիրք»-18/22.  Աբովյան, Ազնավուր, Սթիվենսոն, Թալեբ 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած նոր գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ դրանց մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»

 Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով: «Վերք Հայաստանիին» ծանոթ ընթերցողն այս հրատարակության միջոցով նորովի կհասկանա հանճարեղ վեպի շատ մանրամասներ, իսկ առաջին անգամ գրքին ծանոթացողը կբացահայտի հզոր շնչով գրված մի հրաշալի ստեղծագործություն, որը չի կորցրել իր արդիականությունը և մեծ հետաքրքրությամբ ընթերցվում է նաև այսօր:

Արդի արևելահայերենի փոխադրումը Արսեն Սարգսյանի:

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն
Շառլ Ազնավուր, «Նոր երկիր. պոեզիա» [մաս I]

Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուում ներկայացվել են 1940-2010 թվականներին գրած 500 երգերի տեքստերը, որոնց մի մասը նրան հաջողություն է բերել, մեծ աղմուկ բարձրացրել, որոշներն էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, Աստծո հետ զրույց. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։  Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։

«Կարծում եմ՝ կարողացել եմ մոտ գտնվել իմ ժամանակակիցների մտքին ու սրտին, նրանց ստիպել ժպտալ, երազել, հուշերի գիրկն ընկնել, նաև իմ համարձակությամբ հրահրել նրանց: Այդ ամենն արել եմ այնքան նրբորեն, ասես բառերս մետաքսով եմ փաթաթել»,- ասել է Շառլ Ազնավուրը:

Ֆրանսերենից թարգմանությունը` Սամվել Գասպարյանի։

Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն
Ռոբերտ Սթիվենսոն, «Գանձերի կղզին»

 «Ծովահենի գրադարան» մատենաշարով լույս է տեսել «Գանձերի կղզին» գիրքը: Շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին: Այն պատմում է Ջիմ Հոքինսի մասին, որն անսպասելիորեն միանում է ծովահենության աշխարհին, երբ հայտնաբերում է նավապետ Ֆլինտի՝ անմարդաբնակ կղզում թաքցրած գանձերի քարտեզը: Թարգմանությունը` Արծվիկ Գևորգյանի։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն
Նասիմ Նիքոլաս Թալեբ, «Հակափխրունություն. երևույթներ, որոնք օգուտ են քաղում անկանոնությունից»

 Գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում, մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:

Թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Թարխանյանի։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]