Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Սարուխանի մշակույթի տան պատին փակցվել է քաղաքական եւ հասարակական գործիչ Հայկազն Խաչատրյանի անունը կրող հուշատախտակը

Սարուխանի մշակույթի տան պատին փակցվել է քաղաքական եւ հասարակական գործիչ 
Հայկազն Խաչատրյանի անունը կրող հուշատախտակը

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Սարուխան գյուղի մշակույթի տան Պատվո տախտակին փակցվել է Հայաստանի անկախության համար պայքարած մարտիկ, քաղաքական եւ հասարակական գործիչ, ծնունդով սարուխանցի  Հայկազն Խաչատրյանի անունը կրող հուշատախտակը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սարուխանի մշակույթի տան պատերից մեկի վրա «Մեր նշանավոր հայրենակիցները» խորագրի ներքո զետեղված Սարուխանի երևելիների հուշատախտակների թիվը 2022 թվականի  մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրը  համալրվել է  եւս  մեկով. տոնական միջոցառմամբ տեղի  է ունեցել  Հայկազ Կարոյի Խաչատրյանի հուշատախտակի բացման արարողությունը: Նախաձեռնությունը Հայկազ Խաչատրյանի եղբոր որդուն՝ Ալեքսան Քիշոյանին էր, ում ջանքերով բարեկարգվել էր նաեւ Սարուխանի մշակույթի տան բակը:

Հուշատախտակի բացման պատիվը շնորհվել է  Հայկազ Խաչատրյանի զինակից ու գաղափարակիր ընկեր Աշոտ Նավասարդյանի դստերը՝ Անուշ Նավասարդյանին,  եւ Հայկազի զարմիկ Ալբերտ Քիշոյանին։

« Մեզ համար պատիվ է Հայկազ Խաչատրյանի անունը կրող կրթօջախում գործունեություն ծավալել եւ նրա մասին ներկա ու ապագա սերունդներին պատմել»,- նշել է  Հայկազ Խաչատրյանի անունը կրող Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանը:

Իսկ նույն դպրոցի աշակերտները  ներկայացրել են  Հայկազ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, միջոցառումն ուղեկցվել է  ժողովրդական երգով ու պարով:

Առանձին բանախոսների կողմից ներկայացվել է նաեւ  Հայկազ Խաչատրյան անհատը, մտավորականը, արվեստագետը, քաղաքական գործիչը եւ հայրենասերըՄիջոցառմանը ցուցահանդեսով ներկայացվել են  Հայկազ Խաչատրյանի նկարչական ժառանգության ցուցանմուշներ: Նրա մասին իրենց կարծիքներն հայտնել   հրավիրված հուրեր  Խաչիկ Մանուկյանը, Դավիթ Ալավերդյանը, Ալեքսան Քիշոյանը, Գրիշա Բադալյանը։

Հայկազն Կարապետի Խաչատրյանը ծնվել է 1920 թվականի  դեկտեմբերի 11-ին, Երեւանում:

Երեւանի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1936 թվականին   ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Այն ավարտելուն պես, 1938-ին,   Աշտարակի միջնակարգ դպրոցում աշխատանքի է ընդունվում որպես նկարչության ուսուցիչ: 1939-ին զորակոչվում է Սովետական բանակ եւ մասնակցում է նախ սովետ-ֆիննական, ապա նաեւ՝ Մեծ Հայրենական պատերազմին:

1945 թվականին, զորացրվելուց հետո, Խաչատրյանն ընդունվում է Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որը ավարտում է 1951 թվականինին

Ինստիտուտը ավարտելուց հետո 1953-1963 թվականներին Խաչատրյանը աշխատում է  Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, մասնակցում  Էրմիտաժի վնասված կտավերի վերականգման աշխատանքներին, աշխատում է «Հայկական մանրանկար» գրքի նկարազարդման վրա: Այնուհետեւ Երեւանում «Պիոներ» մանկական գրականության հրատարակչությունում աշխատում է որպես նկարիչ ու դիզայներ: 1965 թվականի ապրիլի 24-ին, Հայերի ցեղասպանության 50-ամյակին, նա իր գաղափարակիցների հետ ցույց է կազմակերպում Կոմիտասի գերեզմանի մոտ: Իսկ ուղիղ մի տարի անց՝ 1966 թվականի ապրիլի 24-ին Խաչատրյանը առաջարկում է Կոմունիստական կուսակցությանը ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, որը անվանակոչվում է Ազգային Միացյալ Կուսակցություն (ԱՄԿ): Գաղափարը ձեւավորվում է նախնական կալանավորման վայրում, որտեղ Խաչատրյանը ու Ստեփան Զատիկյանը հայտնվում են Կոմիտասի գերեզմանի մոտ ձերբակալվելուց հետո: Սակայն հանցագործության կազմի բացակայության պատճառով նրանց մի քանի օրից ազատ են արձակում:

 Հայոց ցեղասպանության օրվան էր նվիրված ընդհատակյա «Փարոս» թերթի անդրանիկ համարը: Խաչատրյանն իր հոդվածները տպագրում էր «Վռամ» կեղծանվան ներքո: Իր խմբագրական սյունակում նա գրում է. «Հայո՜ց ազգ, քո սուրբ պարտքն է քո նախնիների գործին հավատարիմ մնալը, ազգային էությունը պահպանելը, Հայաստանի անկախության համար պայքարելը: Ապրիլի 24-ը պետք է նշվի յուրաքանչյուր տարի: Դա պետք է լինի հայ ազգի ցասումնալից բողոքի օր՝ ընդդեմ անցյալի եւ ներկայի հանցագործությունների»:

«Փարոսը» աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, այլեւ արտասահմանում: Կուսակցության գոյության մասին լուրերը տարածվեցին ամենուր, որտեղ հակասովետական շարժում էր գոյանում: Թերթը արգելվել էր եւ հակասովետական էր ճանաչվել: Հետապնդվում էին ոչ միայն «Փարոսի» հեղինակները, այլեւ ընթերցողները: 1968 թվականի հունիսին Խաչատրյանը ձերբակալվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Հայկական ԽՍՀ ՔՕ 65.1 ու 67 հոդվածների համաձայն: Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Իր պատիժը Խաչատրյանը կրում էր հանրահայտ մորդովյան ճամբարներում:

 1978 թվականին Խաչատրյանը ձերբակալվեց «խուլիգանության» համար: Այս անգամ նա 1,5 տարվա ազատազրկմամբ «պրծավ»: Անազատության տարիները շատ վատ անդրադարձան Խաչատրյանի առողջության վրա: Բանտում նա 3 անգամ ուղեղի կաթված տարավ:

 1980 թվականին ազատվեց բանտից: Այս անգամ ընդմիշտ: 1980 թվականից հետո Խաչատրյանը շարունակում էր զբաղվել ընդհատակյա քաղաքական գործունեությամբ: Նա ողջունեց Սովետական միության փլուզումը, սակայն նրա առողջությունը վերջնականապես քայքայված էր: Այնուամենայնիվ, Հայկազ Խաչատրյանը հասցրեց Հայաստանում ազգային զարթոնքի ականատեսը դառնալ: Նա մեծ ցնծությամբ դիմավորեց Արցախյան  շարժումը։ Հեռավոր երազանքը սկսել էր իրականանալ… 1989 թվականի սեպտեմբերի 27-ին Հայկազն Խաչատրյանի սիրտը դադարեց բաբախել:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]