Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայերը բնաջնջվել են իրենց ծագման համար. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառմանը

Հայերը բնաջնջվել են իրենց ծագման համար. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ 
Ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մայիսի 29-ին մասնակցել է ու ելույթով հանդես եկել Հունաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), ՌԱԿ-ի Հայ իրավանց ազգային խորհրդի կողմից կազմակերպված և Հունահայոց թեմի Առաջնորդարանի հովանու ներքո տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, որը դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքն ներկայացրել է ամբողջությամբ:

«Հայր սուրբ, Վերապատվելի, հարգելի փոխնախարար, խորհրդարանի անդամներ,

Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպելու և մեզ հրավիրելու համար: Պետք է նշեմ, որ դժվարանում եմ թվարկել, թե այն Հայոց ցեղասպանության 107-րդ հիշատակին նվիրված իմ մասնակցությամբ որերորդ միջոցառումն է: Սակայն մի բան հստակ է, որ ցեղասպանության հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներն ինձ համար ունեն հավասար կարևորություն և երբ հնարավոր է, մենք մասնակցում, ինչպես նաև կազմակերպում ենք միջոցառումներ, որոնց նպատակն է ցեղասպանության զոհերի հիշատակումը, ինչպես նաև ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության տարածումը:

Մենք մեր զոհերին հիշատակում ենք որպես նահատակներ, քանի որ 2015թ. պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ սրբադասման արարողության ժամանակ, նրանք սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից:

1915թ-ին 1,5 միլիոն հայեր ցեղասպանության են ենթարկվել միայն իրենց ով լինելու համար: Նրանք բնաջնջվել են իրենց ծագման և կրոնական պատկանելիության համար: Նորին Սրբություն Բենեդիկտոս 15-րդ Պապը 1915թ-ին ասել է. «Տարաբախտ հայ ժողովուրդը գրեթե լիովին կործանման է հասցվել» Թուրքիայում:

48 ուղղափառ հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ են սպանվել, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քանի 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են: Այսպիսով, դա ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ հանցագործություն էր:

1916 թվականի օգոստոսին Սալոնիկի իր բնակարանում ընդունելով հայ պատվիրակներին` Էլեվթերիոս Վենիզելոսը, մասնավորապես հետևյալ կերպ է արտահայտվել.

«Հայ ազգին շատ լավ եմ ճանաչում և միշտ հետևել եմ նրա կրած անտանելի չարչարանքներին, որոնք իրագործվում են թուրքական բարբարոս կառավարության ձեռքով, սիստեմատիկ կերպով: Դրա վկայությունն են անցյալ տարվա տեղահանությունը և ջարդերը: Քաջ գիտեմ այն հոգեկան վիշտը, որն ամեն հայ կրում է իր մեջ: Այսօր, համաձայն մեր ունեցած ամբողջական տեղեկության, մեկ միլիոն հայեր տեղահանված և կոտորված են: Ուստի, իմ Ժամանակավոր Կառավարության հոգածության ներքո գտնվող հայերը, ամեն գնով պետք է ունենան պաշտպանություն, դրանում վստահ եղեք և հայ հասարակությանն ուղղեք իմ ողջույնները»:

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այժմ դիտվում են որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական տարրեր: Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, քանի դեռ զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը հանցագործությունների հանցագործության՝ ցեղասպանության կրկնության սպառնալիքի առջև է կանգնած:

107 տարի է անցել երկրի երեսից հայությանը ջնջելու փորձ կատարելու ժամանակից, սակայն մենք շարունակել ենք ապրել, արարել և բարգավաճել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Սակայն, մյուս կողմից մենք նորից ականատեսն ենք լինում, այս անգամ Արցախում, հայության ապրելու իրավունքը կասկածի տակ առնելու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին, որոնց առավել սարսափելի արտահայտչաձևը 44-օրյա պատերազմն էր: Բնականաբար մեզանից կախված ամեն բան պետք է ներդնենք նման զարգացումները հետագայում կանխելու նպատակով: Միաժամանակ մտապահելով անցյալը և մշտապես հիշելով մեր պատմությունը՝ մենք պետք է ընթանանք դեպի ապագա, ուր հավատն ու հանդուրժողականությունն առավել շատ է, հատկապես մեր հասարակության տարբեր շերտերի միջև: Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական ուժերով, միասնական օրակարգով հանդես գալու օրհասական անհրաժեշտությանն է բախվել: Այս խոսքերը հավասարապես վերաբերում են նաև հունահայ համայնքին: Եվ մենք, մեզանից յուրաքանչյուրը, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչպես կարող ենք նպաստել այդքան բաղձալի միասնականությանը: Ձախողելու իրավունք մեզ տրված չէ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]