Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի 2021 թվականի բյուջեի 73 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը. Փաշինյան

Արցախի 2021 թվականի բյուջեի 73 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախին Հայաստանի աջակցությունը 2021 թվականին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում:

Փաշինյանը ներկայացրեց նաև 2021 թվականի ընթացքում Արցախում իրականացրած ծրագրերը:

«2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացրել ենք 136 մլրդ դրամի ծրագիր: 120 մլրդ դրամ է հատկացվել է 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով»,-ասաց Փաշինյանը:

Այդ գումարն ուղղվել է տարբեր ուղղություններով, օրինակ՝ Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարմանը: 2021-ին Արցախի բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից: «Մի կենսական նշաձող է դրվել, որից վերև չի վճարվել, ենթադրենք ինչ-որ մեկն ավելի շատ է էլեկտրաէներգիա ծախսել, քան միջին հաշվարկային է: Բայց մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաև կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարել է ՀՀ կառավարությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա հատկացվել է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին:

Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախի բնակչությանն աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով, օրինակ՝ անշարժ գույքի վնասի դեպքում, Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել, 108 հազար մարդու՝ 68 հազար դրամ և ևս 15 հազար դրամ: Այս ծրագիրը շարունակվել է մի քանի ամիս:

«2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ դրամը վճարվել է Հայաստանից: 2021-ին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Արցախը երբեք ավելի մեծ բյուջեի չի ունեցել: «Եվ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին: Այսինքն՝ ՀՀ աջակցությունը 2021թվականին Արցախին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այդ ծրագրերն Արցախում շարունակվում են: 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ ՀՀ-ից վճարել Արցախին: «Դա նշանակում է, որ շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել՝ գումարած 20 մլրդ դրամ: Մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ կհատկացնենք բնակարանաշինությանը, որից 20 միլիարդը հատկացնում ենք 2022 թվականին: Բացի այս ծախսերից, մեր հատկացրած աջակցության շնորհիվ Արցախում 2022 թվականին 20 տոկոսով աճել են կենսաթոշակներն ու նպաստները»,- եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am