Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը`համաշխարհային անվտանգության խնդրի լուծման «չինական ծրագիր»

Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը`համաշխարհային անվտանգության 
խնդրի լուծման «չինական ծրագիր»

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ. -ի ապրիլի 21-ին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը միջազգային հեղինակավոր Բոաոյի ասիական տնտեսական ամենամյա համաժողովի բացման արարողությանը առաջադրել է իր նախաձեռնությունը գլոբալ անվտանգության ոլորտում:

«Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը» հանդիսանում է  «Գլոբալ զարգացման նախաձեռնության» նմանատիպը, որն առաջադրվել էր նախագահ Սի Ծինփինի կողմից անցած տարվա սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։ Այս երկու նախաձեռնությունները փոխադարձ լրացնում են միմյանց, համապատասխանում են խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության նոր միտումներին, որոնք իրենց մեջ պարունակում են «չինական իմաստություն», ցույց են տալիս մեծ տերության մեծ պատասխանատվությունը և ծառայում են գլոբալ անվտանգության ու զարգացման հիմնախնդիրների լուծման գործում կարևոր տեսական ուղեցույց աշխարհի մյուս երկրների համար:

  1. Ի°նչ է իրենից ներկայացնում «Նախաձեռնությունը գլոբալ անվտանգության ոլորտում»:

Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրած Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը հստակ պատասխանում է դարի ամենակարևոր հարցերին. «Անվտանգության ինչպիսի՞ հայեցակարգի կարիք ունի աշխարհը, և ինչպե՞ս կարող են երկրները հասնել ընդհանուր անվտանգության»: Հարկավոր է հիմք ընդունել «վեց կանոններ». Նախ և առաջ հավատարիմ մնալով ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն անվտանգության հայեցակարգին` պետք է ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը աշխարհում:

Երկրորդ՝ առաջնորդվել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու, զարգացման ուղիների և հասարակարգի  ինքնուրույն ընտրության իրավունքի սկզբունքներով։

Երրորդ՝ խստորեն հետևել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, հրաժարվել սառը պատերազմի գաղափարից և միակողմանի գործողություններից, կանխարգելել դաշինքային կամ առճակատման մտածողությունը:

Չորրորդ՝ պատշաճ կերպով ուշադրություն դարձնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ յուրաքանչյուր երկրի ռացիոնալ մտահոգություններին, պահպանել անվտանգության անբաժանելիության սկզբունքը՝ ելնելով անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն համակարգի կառուցման շահերից, կանխել սեփական անվտանգության կառուցման փորձերն ի հաշիվ ուրիշների անվտանգության։

Հինգերորդ` միջպետական տարաձայնություններն ու վեճերը լուծել խաղաղ ճանապարհով` երկխոսությունների և բանակցությունների միջոցով, ողջունել  ճգնաժամերի՝ խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերն առանց երկակի ստանդարտների և առանց միակողմանի պատժամիջոցների կիրառման:

Վեցերորդ՝ համապարփակ մոտեցում ցուցաբերել ավանդական և ոչ ավանդական անվտանգության հարցերին, միավորել ուժերը՝ դիմակայելու տարածաշրջանային հակամարտություններին և գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունն ու կենսաբանական անվտանգությունը:

«Վեց կանոնները» փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Դրանք ձևավորված համակարգով և հարուստ բովանդակությամբ ամբողջականություն են, որոնք սահմանում են հիմնական հայեցակարգը, հիմնարար ուղեցույցներն ու կարևոր սկզբունքները, երկարաժամկետ նպատակներն ու գործող գաղափարները համաշխարհային անվտանգության պահպանման և իրականացման համար: Դրանք դարաշրջանային, համապարփակ և ռազմավարական բնույթ են կրում։ Ըստ փիլիսոփայական դատողությունների, դրանք վճռականորեն հերքում են անվտանգության արևմտյան իրատեսական հայեցակարգը, որն ունի «զրոյական մտածողություն» և անսահման իշխանության ձգտում։ Դրանք  գիտականորեն հերքում են անվտանգության արևմտյան լիբերալ հայեցակարգը և  գերազանցում են անվտանգության արևմտյան կոնստրուկտիվիստական հայեցակարգը, ինչպես նաև անտեսում են նյութական հզորության զարգացումը:

  1. Ի՞նչ նպատակով է առաջադրվել «Նախաձեռնությունը գլոբալ անվտանգության ոլորտում»:

Ներկայումս մարդկությունը դեռևս չի սթափվել COVID-19-ի համաճարակային ճնշող մթնոլորտի ազդեցությունից, իսկ անվտանգության ավանդական և ոչ ավանդական տարբեր սպառնալիքները միահյուսվել են և անընդհատ ավելանում են: Անհանդուրժողականության, իշխողականության և ուժային քաղաքականության սպառնալիքներն աճում են, դրա հետ մեկտեղ անընդհատ աճում և ավելանում է խաղաղության, անվտանգության, վստահության դեֆիցիտը: Դեռևս չլուծված խնդիրներին՝ մեկը մյուսի հետևից  ավելանում են նորերը։

Ռուս-ուկրաինական պատերազմը մեծ  հարված է համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը։ Պարենային, փախստականների, ֆինանսական  և զարգացման ճգնաժամերն է՛լ ավելի ընդգծված են դառնում։ Միջազգային հանրային բարիքների բացակայությունը մեծացրել է համաշխարհային կառավարման խաթարման վտանգը։

Անվտանգության բարդ մարտահրավերների պայմաններում աշխարհի բոլոր երկրներին շտապ անհրաժեշտ է հստակ համաձայնության գալ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ազատվել կոլեկտիվ գործողությունների ժամանակ առաջ եկած դժվարությունից և գտնել «հրաշագործ դեղատոմս» նոր միջավայրում ընդհանուր անվտանգություն ապահովելու համար:

Ցավոք, որոշ երկրներ դեռևս հավատարիմ են մնում «սառը պատերազմի» գաղափարին, լայնորեն աշխարհաքաղաքական պայքար են քարոզում Եվրոպայում, Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, կենտրոնացված են «փոքր բակերով և բարձր պարիսպներով» «զուգահեռ համակարգի» կառուցման վրա, հետաքրքրություն են ցուցաբերում «նեղ շրջանակների» և «նեղ խմբավորումների» ստեղծման նկատմամբ, տարված են ռազմական խմբավորումների ընդլայնմամբ, փորձում են գործել «ջունգլիների օրենքով» և իշխողականության տրամաբանությամբ՝ բացահայտ կերպով հետ շրջելով պատմության անիվը, ինչպես նաև հանդիսանում են ողջ աշխարհում խաղաղության և զարգացման կործանիչները։

Մարդկության պատմությունը բազմիցս ապացուցել է, որ եթե չկա խաղաղություն, ապա զարգացումը աղբյուր է առանց ջրի, եթե չկա անվտանգություն, ապա բարգավաճումը ծառ է առանց արմատների:

«Գլոբալ անվտանգության նախաձեռնություն»-ն արձագանքում է միջազգային հանրության հրատապ կարիքներին՝ պահպանել համաշխարհային խաղաղությունը, կանխել հակամարտություններն ու պատերազմները, այն համահունչ է աշխարհի բոլոր երկրների ընդհանուր ցանկությանը՝ հավատարիմ մնալ բազմակողմանիությանը և պահպանել միջազգային համերաշխությունը: Արձագանքում է բոլոր երկրների ժողովուրդների ընդհանուր ցանկությանը` հաղթահարել դժվարությունները և համատեղ ջանքերով ստեղծել գեղեցիկ աշխարհ համաճարակից հետո: Այս նախաձեռնությունը պետք է լայնորեն ճանաչվի և արժանանա միջազգային հանրության աջակցությանը։

  1. Ինչո՞ւ է նախաձեռնությունը հենց Չինաստանի կողմից առաջարկվել։

Դարեր ի վեր Չինաստանը հետևողականորեն առաջնորդվել է «խաղաղության և առաքինության» քաղաքական սկզբունքներով, իսկ գործնականում աստիճանաբար կյանքի է կոչել «հարևանների նկատմամբ բարի կամքի դրսևորման  և աշխարհի բոլոր ժողովուրդների հետ ներդաշնակությոան» հայեցակարգը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ 1949 թվականին, Չինաստանը երբեք չի հրահրել պատերազմ կամ հակամարտություն, չի օկուպացրել այլ երկրների գեթ մի թիզ տարածք, երբեք չի միջնորդել որևէ պատերազմի, երբեք չի միացել որևէ ռազմական դաշինքի, կամ չի ստեղծել որևէ ռազմական դաշինք։ Չինաստանը միշտ եղել է միջազգային կարգի պաշտպան, համաշխարհային խաղաղության կերտող և խոշոր երկիր, որը հասել է աշխարհի խաղաղության և անվտանգության հարցերում լավագույն ցուցանիշների:

1950-ականներին Չինաստանը, Հնդկաստանը և Մյանման միասնաբար հաստատեցին «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ», որոնք դարձան միջազգային հարաբերությունների հիմնական նորմերն ու միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները (միջազգային հարաբերությունների ու միջազգային իրավունքի հիմնական նորմերն ու սկզբունքները): Չինաստանը վճռականորեն պաշտպանում է բազմակողմանիության սկզբունքը և միջազգային հարցերում աջակցում է ՄԱԿ-ի ակտիվ դերին։ Չինաստանը գործուն մասնակցություն է ցուցաբերում սպառազինությունների վերահսկման, զինաթափման և միջուկային զենքի չտարածման գործում, ձգտում է նպաստել միջազգային և տարածաշրջանային հակամարտությունների և խնդիրների լուծմանը, ինչպիսիք են Կորեական թերակղզին, Իրանական միջուկային հարցը, Սիրիան, Աֆղանստանը, Հարավային Սուդանը և Ռախին նահանգը Մյանմայում։ Չինաստանն ավելի քան 10 տարի անընդմեջ ուղեկցորդական առաքելություններ է իրականացնում Ադենի ծոցում և Սոմալիի ափերի մոտ, օգնություն է ցուցաբերում ցունամիներից, երկրաշարժերից և այլ բնական աղետներից տուժած երկրներին և մարդկանց:

Համաճարակի ընթացքում Չինաստանը բաց, թափանցիկ ու պատասխանատու կերպով կատարել և շարունակում  է կատարել իր միջազգային պարտավորությունները։ Նա սեփական նախաձեռնությամբ առաջինն է տեղեկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և համապատասխան ազգային և տարածաշրջանային կազմակերպություններին համաճարակի մասին, առաջինն է հրապարակել նոր կորոնավիրուսի գենային հաջորդականությունն ու այլ տեղեկություններ, հրապարակել է բուժման, կանխարգելման և վերահսկման պլանը, ինչպես նաև կանխարգելման, վերահսկման և բուժման իր սեփական փորձով կիսվել է բոլոր երկրների հետ: Հենց Չինաստանը՝ գտնվելով համաճարակային իրավիճակի կանխարգելման և վերահսկման հսկայական ճնշման ներքո, արել է հնարավորինս ամեն բան միջազգային հանրությանն օգնություն ցուցաբերելու համար, և ի ցույց է դրել չին ազգի կարեկցանքն  ու պատմական պատասխանատվությունը:

Նախագահ Սի Ծինփինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ իր ելույթում նշել է.  «Խոշոր տերությունները, ի տարբերություն մյուս երկրների, կոչված են լինել ավելի «բարեհոգի», ավելի շատ հանրային բարիքներ տալ աշխարհին, ստանձնել իրենց կարգավիճակին համարժեք պարտականություններ և դրսևորել մեծ պարտքի զգացում»:  Հանդիսանալով պատասխանատու և ամենամեծ զարգացող երկիրն աշխարհում՝ Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնքի կառուցման օգտին: Հետևելով թափանցիկ  և ամփոփ դիրքորոշմանը՝ Չինաստանը ձգտում է սեփական զարգացումը վերածել հնարավորության աշխարհի այլ երկրների հետ ընդհանուր առաջընթացի համար, ցանկանում է Չինաստանի ղեկավարությամբ կառուցել մարդկային քաղաքակրթության նոր ձև, ինչպես նաև նոր ուղի առաջադրել մարդկային հասարակության արդիականացման համար:

Չինաստանն ու Հայաստանը  պատմական  հիանալի քաղաքակրթություն ունեցող հինավուրց երկրներ են, և երկու երկրներն էլ ճաշակել են պատերազմի ծանր հետևանքները։ Ներկայումս երկու երկրներն էլ  ստանձնել են ազգային վերածննդի կարևոր պարտականությունը՝ հասկանալով, որ խաղաղությունն անգին է, իսկ զարգացման ուղին լի է դժվարություններով։ Երկրների միջև փոխկախվածության ներկա դարաշրջանում, բարդ և խճճված միջազգային իրավիճակի և անվտանգության տարբեր ռիսկերի ու մարտահրավերների պայմաններում, ոչ մի երկիր չի կարող միայնակ պաշտպանել իրեն կամ միայնակ հաղթահարել դրանք. միակողմանիությունը տանում է դեպի անորոշություն: «Բացարձակ անվտանգության» և «սեփական ապահովության» ձգտումն անիրագործելի է.  միակ ճիշտ ընտրությունը սերտ համագործակցությունն է։

Գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն առաջնորդվում է անվտանգության նոր հայեցակարգով, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, անվտանգության անբաժանելիությունն այն համարում է կարևոր սկզբունք, իսկ անվտանգության ընդհանրության ստեղծումը՝ որպես իր երկարաժամկետ նպատակ: Ձգտում է ստեղծել անվտանգության նոր ուղի, որը ներառում է ոչ թե առճակատում, այլ՝ երկխոսություն, ոչ թե դաշինքների հետ դաշնակցում, այլ՝ գործընկերություն, ոչ թե «ոչ զրոյական գումարով խաղ», այլ՝ փոխշահավետ համագործակցություն: Առաջարկում է գործնական լուծումներ տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելու, ատելության վերացման, փոխըմբռնման բարելավման և անվտանգության երկընտրանքների լուծման արդյունավետ և իրագործելի մեթոդի համար:

Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ակտիվորեն աջակցել և մասնակցել նախաձեռնությանը, համագործակցել Չինաստանի հետ՝ հասնելու իրական բազմակողմանիության ապահովմանն ու կիրառմանը, ինչպես նաև աջակցել հավասարակշռված, արդյունավետ և կայուն տարածաշրջանային անվտանգության հենքի կառուցմանը: Ամեն ինչ անել հանուն խաղաղության, պահպանել թափանցիկությունն ու հանդուրժողականությունը, հակադրվել բացառիկությանը, մոբիլիզացնել գլոբալ ռեսուրսները, համակարգել գլոբալ գործողությունները, միասին աշխատել անվտանգության սպառնալիքների դիմակայման և տարածաշրջանային համագործակցության խորացման համար: Նպաստել տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը, բոլոր երկրներում բարձրացնել ժողովրդի բարեկեցության մակարդակը, ստեղծել անվտանգության համար բարենպաստ պայմաններ և համատեղ ջանքերով կառուցել ավելի խաղաղ, ավելի անվտանգ և ծաղկուն ապագա:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգ

 

 

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]