Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կրթության ռազմավարությունը կտեղայնացվի նաև Արցախում. ոլորտային նախարարությունները քննարկել են ծրագրերը

Հայաստանում կրթության ռազմավարությունը կտեղայնացվի նաև Արցախում. 
ոլորտային նախարարությունները քննարկել են ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը և Միքայել Համբարձումյանը: Ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Հայաստանի և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների խնդիրները, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող հարցեր:

«Արցախի Հանրապետության համար այս դժվար պահին մեզ համար կրթական գործընթացի անխափան կազմակերպումն ու մշակութային արժեքների պահպանությունն առաջնային խնդիրներ են, և այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հետ  համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Ըստ աղբյուրի՝ նա մասնավորապես առանձնացրել է կրթության ռազմավարության նախագծով նախանշված բարեփոխումները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք զուգահեռաբար պետք է տեղայնացվեն նաև Արցախում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության ռազմավարության նախագծի մշակումն արդեն ավարտական փուլում է. առաջիկայում այն կհաստատվի Կառավարության կողմից և կներկայացվի ՀՀ ԱԺ քննարկմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կընդունվի նաև ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը` մինչև 2030 թվականի համար: Միջոցառումների ծրագրի հաստատմամբ՝ կամրագրվի կրթության ոլորտում ըստ տարիների ներդրումների կատարման պետության հանձնառությունը:

Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր հերթին նշել է, որ ընդունվելուց հետո Կրթության ռազմավարությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ կտեղայնացվի նաև Արցախում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության կրթության և գիտության համակարգի խնդիրներն ու առանձնահատկությունները:

«Հայաստանի և Արցախի նախարարությունները արդյունավետ համագործակցել են 2020 թվականի պատերազմի չափազանց դժվար օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ Արցախի երեխաները գտնվում էին Հայաստանում, և առաջնային խնդիր էր նրանց կրթության շարունակականության ապահովումը: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաների կրթությունը  հնարավորինս չընդհատվի»,- փաստել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` շեշտելով երկու նախարարությունների համագործակցության կարևորությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արցախի ԿԳՄՍ նախարարի առաջարկով՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և դրա արդյունքում ուսուցչի աշխատավարձի բարձրացման համակարգը:

Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին` նշվել է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում  գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները գտնվում են ոչնչացման վտանգի առաջ: Դրանց պահպանության հարցն օրախնդիր է:

«Նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը բարձրաձայնում է միջազգային կառույցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում: Խնդրի մտահոգությամբ պայմանավորված՝ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

Արցախի պատվիրակության գործադիր և  օրենսդիր մարմինների պատասխանատուների աշխատանքային այցերը և քննարկումները ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական բնույթ են կրում, վստահեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]