Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

«Երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է…». ինչի՞ համար է ափսոսում սիրված դերասանը

«Երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է…». ինչի՞ համար է ափսոսում սիրված 
դերասանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլորը սպասում էին ու վստահ էին, որ ես դերասան կդառնամ, բացի ինձանից: Երբ դպրոցն ավարտեցի, ընկերոջս հետ որոշեցինք ընդունվել գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ, բայց կես բալով դուրս մնացի: Հայրս առաջարկեց ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս, սակայն Աճեմյանը հայրիկիս ասել էր. «Տղային ինչո՞ւ ես դժբախտացնում, միջակություն է լինելու, ես ուժեղ կուրս եմ հավաքել…»: Եվ իսկապես, հավաքել էր լավագույններին՝ Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Ներսես Հովհաննիսյան, այլք: Բայց դա ինձ հետ չպահեց. որոշեցի սիրելի վարպետիցս «վրեժխնդիր» լինել: Գնում, նստում էի լսարանի վերջերում: Մի օր էլ կուրսն էտյուդ էր փորձում, ասաց. «Դու էլ փորձիր»: Մի պահ դուրս եկա, խաչակնքեցի ու ներս մտա: Մոտ 15 րոպե տեւեց ելույթս: Վերջում ասաց. «Ապրես, լավ էր»: Մեկ ամիս ուշացումով ուսանող դարձա ու լրիվ արդարացրի հորս սպասելիքները…»:

Գուժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բարեբախտաբար, նա չկարողացավ ընդունվել գյուղինստիտուտ, այլապես հայ բեմարվեստն ու կինոն չէին ունենալու հմայիչ դերասանին, չէինք վայելելու նրա փայլուն խաղը տասնյակ կինոնկարներում, իսկ դրամատիկական թատրոնի բեմը առավել չէր գեղեցկանալու իր գլխավոր դերակատարներից մեկի շքեղ ներկայությամբ…

Նա պիտի՛ դառնար դերասան, քանզի ամենազոր գենի գործոնը կար՝ ծնվել էր դրամատուրգ Ալեքսանդր եւ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանների ընտանիքում, 5-6 տարեկանում մոր հետ դերերից հատվածներ փորձել, դաստիարակվել ուսուցչուհի տատիկի «փեշերին կպած»:

Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտը բեմական գործունեությունն սկսել է Կապանի դրամատիկական թատրոնում, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ վերջին հանգրվանը դրամատիկականն էր լինելու, որտեղ խաղացած առաջին իսկ դերով դառնալու էր հանդիսատեսի սիրելին, մարմնավորելու էր հոգեբանորեն բարդ ու տպավորիչ կերպարներ: Վերհիշենք ժողովրդական դերասանի լավագույն անձնավորումներից մի քանիսը՝ Միտրոֆան՝ Դենիս Ֆոնվիզինի «Տհասը», Սարո՝ Հովհ. Թումանյանի «Անուշ», Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», Բուկինգհայմ՝ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», Բլյունչլի՝  Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը», Կարանդիշեւ՝ Ալ. Օստրովսկու «Անօժիտը», Տիգրան Մեծ՝ Պերճ Զեյթունյանցի «Աստվածների կանչը», այլ բեմականացումներ: Գուժ Մանուկյանի ինքնակերտ արվեստը, սակայն, չի սահմանափակվել միայն թատերական գործունեությամբ. մի քանի տասնյակ դերեր հեռուստաթատրոնում, քսանից ավելի ֆիլմեր՝ իր մասնակցությամբ: Հիշենք այդ կինոժապավեններից մի քանիսը՝ «Հեղնար աղբյուր», «Նահապետ», «Աշնան արեւ», «Հուսո աստղ», «Կյանքի լավագույն կեսը», «Մեռիր ձիու վրա», «Սգավոր ձյունը», «Ո՞ւր ես գնում, զինվոր» եւ, վերջապես, «Հին օրերի երգը», որն օրումեջ շարունակում է ցուցադրվել հայկական հեռուստատեսության տարբեր ալիքներով:

Ծանրակշիռ է Գուժ Մանուկյան արվեստագետի վաստակը մեր ե՛ւ թատերական, ե՛ւ կինոարվեստում: Եվ ինչպես մարմնավորած յուրաքանչյուր դեր, որ առանձնանում է իր կոլորիտով, առանձնանում է նաեւ գործունեության սկզբունքը. «Բեմ բարձրանալիս ինձ համար նշանաբան է եղել՝ «Հանդիսատեսին տալ ավելին, քան նա սպասում է»: Երբեք չեմ ձգտել որեւէ դեր խաղալ զուտ խաղացած լինելու համար: Գիտեք, երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է: Բայց երբ արդեն անուն ես ձեռք բերել, վաստակել ես հանդիսատեսի սերը, հարցականի տակ դնել այդ ամենը՝ վտանգավոր է… Ես միշտ ձգտել եմ էկրանին երեւալ ուշ-ուշ: Ինչո՞ւ: Որովհետեւ պիտի հնարավորություն տաս հանդիսատեսին քեզ կարոտելու: Ես այդպես եմ գտնում»:

Որքան էլ որ պատկառելի թիվ են կազմում նրա խաղացած կինոդերերը, այդուհանդերձ, նա ափսոսանքով է նշել. «Դժբախտաբար, իմ ժամանակը չհամընկավ մեր մեծերի ժամանակի հետ, որպեսզի կարողանայի նրանց հետ շփվել գոնե էկրանում: Էպիզոդներ եղել են, բայց որպես խաղընկեր՝ բախտ չի վիճակվել: Փոքրիկ կտորներ կան Ավետ Ավետիսյանի, Խորեն Աբրահամյանի, Ֆրունզի հետ: Միակն այն է, որ «Սգավոր ձյունը» կինոնկարում մոտիկից շփվեցինք ես եւ Արմեն Ջիգարխանյանը՝ կերպավորելով երկու եղբայրների դերեր…»:

Արդարացի ափսոսանք, թեեւ ոչինչ չի խաթարելու Գուժ Մանուկյանի վաստակի ու  շատերի համար բաղձալի հունձքի քաշն ու կշիռը: Վաղուց ի վեր նա իր անսասանելի վրանն է խփել հայ դերասանական մշակույթի խտաբնակ անդաստանում: Մնում է շնորհավորենք սիրված դերասանի հոբելյանը, մաղթենք նրան լեռնականի առողջություն եւ բեմական պայծառ ու անմար լույսե՜ր, լույսե՜ր, լույսե՜ր…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]