1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նոր գիրք»-19/22. Թաթիկյան, Ղազարյան, Ամիրով, Ռոուլինգ, Էքման

«Նոր գիրք»-19/22.  Թաթիկյան, Ղազարյան, Ամիրով, Ռոուլինգ, Էքման

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Շահեն Թաթիկյան, Սերգեյ Ղազարյան, «Ինչո՞ւ է ժպտում անցորդը»

                                    

Վեպը պատմում է հասարակության մեջ գոյություն ունեցող այն արատի մասին, երբ անչափահասը ակամա հանցագործ է դառնում և ամբողջ կյանքում չի կարողանում ազատվել հանցագործի պիտակից։ Վեպի հերոսը որքան էլ փորձում է հասարակության լիարժեք անդամ դառնալ, դա նրան չի հաջողվում։ Մեկ մարդու միջոցով ներկայացվում է բազմաթիվ խեղված ճակատագրերի մասին։ Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

 

Թարգմանական գրականություն
Գամիդ Ամիրով, «Արցունքներ դրախտում»

                              

44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։

Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։

Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:

 

Մանկապատանեկան գրականություն
Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»

                                             

Հարրի Փոթերն արդեն տասնհինգ տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը` մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովին անտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները` Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է ընդվզելու` իմանալով, որ լորդ Վոլդեմորը վերադարձել է և հարձակման ծրագրեր է մշակում: Վհկության և կախարդության դպրոցում, որտեղ Հարրին է սովորում, արմատական փոփոխություններ են սպասվում: Մոգության նախարարությունը որոշում է Դամբլդորին մարտահրավեր նետել` Հոգվորթս որպես ավագ տեսուչ գործուղելով դաժան ու նեղմիտ մի անձնավորության: Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 

 

Փաստավավերագրական գրականություն
Փոլ Էքման, «Խաբիր ինձ»

 

Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն:

Փոլ Էքմանն այժմ թարմացրել է իր հետազոտությունները՝ առավել խորությամբ ներթափանցելով ստի և ստերը քողազերծելու մեթոդների մեջ: Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի, Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները և հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով՝ Էքմանը ցույց է տալիս, որ ստախոսի հաջողությունը հաճախ կախված է հոժարակամ և անմեղ «զոհից»: Նա նկարագրում է ստերի տեսակները և ստի ձախողման պատճառները, մեկնաբանում՝ ինչպես են ստախոսի մարմինը, ձայնը և դիմախաղերը մատնում սուտը, և ինչպես են նրան: Անգլերենից թարգմանեց՝ Լիլիթ Քալաշյանը, խմբագիր՝ Գոհար Քալաշյան։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]