1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երիտասարդ հետազոտողը ձգտում է կենսաինֆորմատիկայի միջոցով մարդկության համար արժեք ստեղծել․ 10 հարց գիտնականին

Երիտասարդ հետազոտողը ձգտում է կենսաինֆորմատիկայի միջոցով մարդկության 
համար արժեք ստեղծել․ 10 հարց գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանի գիտահետազոտական տարբեր նախագծերում ներգրավված կառուցվածքային կենսաինֆորմատիկ Նարեկ Աբելյանը շուտով կպաշտպանի թեկնածուական ատենախոսությունն ու կդառնա կենսաբանական գիտությունների թեկնածու։ Նրա գիտական հետաքրքրությունների ուրվագծման հարցում կարևոր են եղել կրթությունը Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի հրեական ու Սիսիանի դպրոցներում, ինչպես նաև կենսաբանության ու քիմիայի ուսուցիչ մայրիկի գործոնը։ Չնայած չուներ հրեական արմատներ, բայց ծնողները հենց այս դպրոցն էին ընտրել կրթության բարձր որակի ու կարգապահության համար։ Բարձագույն կրթությունը ստացել է Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ֆակուլտետում, ասպիրանտուրան ևս շարունակել է նույն ուղղությամբ։ Արդեն մոտ 6 տարի է` զբաղվում է հիմնարար գիտահետազոտական գործունեությամբ տարբեր լաբորատորիաներում և խմբերում, աշխատել է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST), ներգրավված է եղել Denovo Sciences ընկերությունում՝ որպես հաշվողական կենսաբան։ Biocentric.AI ստարտափի համահիմնադիրներից է, ներկայում զբաղվածության զգալի մասը հենց այս ընկերությանն է նվիրել։

Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք այս ուղին ընտրել։ 

Դա եղավ այն ժամանակ, երբ ավարտեցի միջնակարգ կրթությունս ու ընդունվեցի ավագ դպրոց՝ բնագիտամաթեմատիկական հոսք։ Մինչև այդ բոլոր առարկաներն էլ սիրում ու սովորում էի, բայց երևի թե քիմիան, կենսաբանությունը, ֆիզիկան ու մաթեմատիկան էին այն ուղղությունները, որոնցից ունեի շատ հարցեր և ուզում էի ստանալ դրանց պատասխանները։ Հոսքն ընտրելու հարցում մեծ էր նաև մայրիկիս դերը, ով քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի է։ Նաև նրա շնորհիվ էր, որ այդ առարկաներն ինձ մոտ լավ էին ստացվում․ ցանկացած պահի, եթե ինչ-որ բան չէր ստացվում, կարող էի գնալ ու մայրիկիցս հարցնել։ Երբ եկավ համալսարան ընդունվելու ժամանակը, տատանվում էի երեք ուսումնական հաստատությունների միջև՝ գնալ Բժշկական համալսարան, Երևանի պետական, թե Հայ-ռուսական համալսարան։ Ընտրությունս կանգ առավ Հայ-ռուսական համալսարանի  վրա։ Լսել էի, որ լրիվ նորարարական, գիտաֆանտաստիկայի ժանրից մի ֆակուլտետ կա, որտեղ էլ ընդունվեցի առավելագույն բալերով։  

Մի փոքր կպատմե՞ք կենսաինֆորմատիկայի մասին, ի՞նչ խնդիրներ է այն լուծում։

Կենսաինֆորմատիկան միջդիսցիպլինար ոլորտ է, որն առաջացել է մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և համակարգչային գիտությունների հատման տիրույթում։ Այն 21-րդ դարի նորարարական գիտություններից է, որը զբաղվում է կենդանի համակարգերում ընթացող պրոցեսների համակարգչային անալիզով և մոդելավորմամբ՝ սկսած պոպուլյացիոն, օրգանիզմային մակարդակից մինչև բջջային ու մոլեկուլային բարդ կառուցվածքային մակարդակներ: Ներկայում ես ուսումնասիրում եմ կենսաինֆորմատիկայի մի ուղղություն՝  կառուցվածքային կենսաինֆորմատիկան և զբաղվում բարդ մոլեկուլային համակարգերում կատարվող կենսապրոցեսների համակարգչային մոդելավորմամբ:

Կենսաինֆորմատիկական մեթոդները հնարավորություն են տալիս աշխատել կուտակված փորձարարական մեծ տվյալների հետ, վերլուծել դրանք, ստեղծել մոլեկուլային և ատոմային մակարդակներում ուսումնասիրվող կենսաբանական համակարգերի համակարգչային մոդելներ, շահարկել դրանք և առաջ քաշել նոր վարկածներ: Օրինակ, մարդու գենոմը սեքվենավորելու արդյունքում առաջացավ ահռելի տեղեկատվություն, որը հնարավոր չէր գրքերի մեջ պահել կամ դրանց հետ աշխատել, վերլուծել, նոր տեղեկատվություն ստանալ։ Հենց այս խնդրի լուծման համար էլ առաջացավ գենոմային կենսաինֆորմատիկան։ Այն հնարավորություն տվեց ամբողջ տեղեկատվությունը կառուցվածքավորված ձևով պահել համակարգչում, և ստեղծելով ու զարգացնելով տարատեսակ գործիքներ, այդ տվյալների վերամշակումից ստանալ նոր գիտելիք։

Կենսաինֆորմատիկան աշխարհում շատ արագ զարգացող ուղղություն է, սակայն այդ ինտելեկտուալ, բարձր տեխնոլոգիական գիտության ուղղությունը մեր երկրում դեռևս զարգացման սկզբնական փուլում է: Հայաստանում կենսաինֆորմատիկայի զարգացման համար անհրաժեշտ չեն մեծ գիտահետազոտական լաբորատորիաներ՝ զինված թանկարժեք սարքավորումներով: Այսօր մեզ պետք են այդ բնագավառի հմուտ մասնագետներ, որոնք, առանց ֆինանսական խոշոր ներդրումների, մեր երկիրը կտանեն արագ և գործնական զարգացման այնպիսի թիրախային ոլորտներում, ինչպիսիք են՝ բժշկությունը, դեղագործությունը, գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

Դուք Biocentric.AI ընկերության համահիմնադիրն եք, մի փոքր կպատմե՞ք նորաստեղծ ստարտափի մասին։

Մենք փորձում ենք արհեստական բանականության ու կառուցվածքային կենսաինֆորմատիկայի նորագույն մեթոդների, ալգորիթմների կիրառությամբ հեշտացնել դեղերի նախագծման բարդ գործընթացն ու կրճատել ծախսվող ժամանակը։ Դեղերի նախագծման սկզբնական փուլերում սովորաբար համակարգչի միջոցով մոդելավորվում են միլիարդավոր քիմիական միացություններ, հաշվարկվում նրանց կենսաբանական ակտիվությունը և մարդու օրգանիզմում պոտենցիալ թիրախների հետ փոխազդեցությունը, ինչի հիման վրա ընտրվում են որոշները և հետագայում լաբորատոր պայմաններում փորձարկվելով, ստացվում են դեղեր։ Մոլեկուլների փոխազդեցությունները հաշվարկող գործիքներով հնարավոր է լինում այդ փոխազդեցություններին բալեր, արժեքներ տալ։ Հենց այդ արժեքներից է կախված, թե որ միացություններն ունեն առավել մեծ պոտենցիալ, որոնք էլ կարող են դառնալ դեղանյութեր։ Ինչպես նշեցի, նմանատիպ գործիքներ արդեն կան, մենք փորձում ենք արհեստական բանականության նորագույն մեթոդների ու ալգորիթմների կիրառությամբ ստանալ առավել արդյունավետ նորարարական գործիքներ, որոնք թույլ կտան նախագծել դեղեր այնպիսի բարդ հիվանդությունների համար, որոնք ներկայում անբուժելի են համարվում։

Ո՞վ է գիտնականն՝ ըստ Ձեզ։

Գիտնականն այն մարդն է, ով փորձում է հասկանալ, թե ինչպես է կառուցված աշխարհը, ինչն է ընկած դրա հիմքում։ Նա փորձում է սինթեզել նոր գիտելիք՝ հիմնվելով արդեն իսկ առկա գիտելիքների ու փորձարարական տվյալների վրա։ 

Ուրախ եմ, որ մեր հասարակությունում գերակշռում է ընկալումը, որ գիտնականի աշխատանքը պատվաբեր է։ Մարդիկ, հատկապես, երբ իմանում են կենսաբանական գիտությունների ոլորտից եմ, սկսում են տարբեր գործընթացներին վերաբերող հարցեր տալ, ինչն ինձ շատ է ոգևորում։

Կարծում եմ՝ գիտնականի մասնագիտությունն ընտրած մարդկանց առաջմղիչը եղել է սեփական հետաքրքրությունները բավարարելը, դրանից հաճույք ստանալն ու նոր արժեք ստեղծելու մեծ ցանկությունը։

Գիտության մեջ էլ ամեն ինչ հարթ չէ, որո՞նք են մարտահրավերները:

Յուրաքանչյուր բնագավառում կան մարտահրավերներ, գիտության մեջ էլ դրանք քիչ չեն։ Ցանկացած փորձ, որ նախաձեռնում ես, թե նախագծման, թե իրականացման բուն գործընթացում կարող են անընդհատ խնդիրներ ի հայտ գալ՝ ընդհուպ մինչև փորձի ձախողում։ Բայց ինձ համար ձախողումները ևս կարևոր են, քանի որ դրա հիման վրա ձեռք ես բերում նոր գիտելիքներ, նոր փորձ։ Հաջորդ անգամ արդեն հաջողելու շանսերդ մեծանում են։

Կա՞ն գիտնականներ, ովքեր Ձեզ համար օրինակելի կերպար են, իրենց աշխատանքներով ոգեշնչվել եք։

Դժվար է առանձնացել որևէ մեկին, քանի որ յուրաքանչյուր ոլորտում էլ կան կերպարներ, ովքեր մեծ ներդրում են ունեցել համաշխարհային գիտության մեջ: Ֆիզիկայի բնագավառում կնշեի Իսահակ Նյուտոնին, Ալբերտ Էնշտեյնին, Նիկոլա Տեսլային, քիմիայի ոլորտում՝ Դմիտրի Մենդելեևին, կենսաբանությունում՝ Գրեգոր Մենդելին։ Նրանք հավաքական գիտնականի կերպար են ինձ համար, ու այդ գիտնականն այն մարդն է, ով տիրապետում է գիտելիքների ահռելի պաշարի ու միևնույն ժամանակ  կրում մեծ պատասխանատվություն: Գիտելիքն ուժ է, որ կարող է ունենալ ինչպես կառուցողական, այնպես էլ կործանարար նշանակություն: 

Ո՞րն է Ձեզ ամենաշատ տպավորած բացահայտումը Ձեր ոլորտում։

Իրականում շատ տպավորիչ բացահայտումներ կան, բայց կուզեի առանձնացնել

Ճապոնացի Սինյա Յամանակայի և բրիտանացի Ջոն Գորդոնի հայտնագործությունը մակածված ցողունային բջիջների ոլորտում 2006 թվականին, որի համար նրանք 2012-ին արժանացել են Նոբելյան մրցանակի։

Ցողունային բջիջներն ունեն կիսվելու և որևէ օրգանի ու հյուսվածքի բջջի վերափոխվելու (դիֆերենցվելու) հատկություն։ Այս բջիջներից կարող են, օրինակ, առաջանալ սրտամկանի, լյարդի, մաշկային ծածկույթի բջիջներ։ Գիտնականների հայտնագործության հիմքում այն միտքն է, որ արդեն դիֆերենցված ու որևէ օրգանի բջջի վերածված հասուն բջիջները կարող են վերածրագրավորման արդյունքում վերափոխվել ցողունային բջիջների։ Այսինքն՝ տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Եթե հետագայում այս տեխնոլոգիան զարգացվի, ապա այն կդյուրացնի նոր օրգանների ստեղծումը։ 

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական:

Նրան կասեի, որ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ուղի է ընտրել։ Իրականում բոլորս էլ մանուկ հասակում ինչ-որ չափով գիտնական ենք, երբ փորձում ենք հասկանալ աշխարհը՝  նոր գիտելիք ստեղծելով: Այդ գիտելիքին հասնելու եղանակներից մեկը ծնողներին կամ այլ մեծահասակներին հարցեր տալն ու պատասխաններ ստանալն է: Երկրորդ եղանակը, երբ երեխան ինքն է ինչ-որ բան փորձարկում ու արդյունքի հիման վրա այդ նոր գիտելիքը ստանում։ Շատ դեպքերում այնպիսի բաներ են փորձարկում, որ ցանկալի չէ, բայց հենց դրանում է կայանում հետաքրքրությունը: Այնպես որ խորհուրդ կտամ զարգացնեն իրենց մեջ պրպտելու ու բացահայտելու ձգտումը։
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան:

Մեկ բաժակ սուրճը (հեղ. ծիծաղում է)։ Իսկ իրականում նորը բացահայտելու, անընդհատ ինքնազարգանալու ձգտումը։ 

Ի՞նչը կարող է լինել Ձեր կարիերայի գագաթնակետը։

Շատերը կարող էին ասել Նոբելյան մրցանակը, բայց իմ դեպքում՝ երևի թե այդպես չէ։ Ինձ համար ավելի հաճելի կլիներ մարդկության համար պիտանի ու մնայուն բան ստեղծելը։ Այն մարդուն, ով գիտությամբ է զբաղվում, բնորոշ է անընդհատ նորը բացահայտելու ու ինքնակատարելագործվելու ձգտումը, հետևաբար որպես այդպիսին գագաթնակետ չկա, քանի որ դրան հասնելուց հետո ստացվում է, որ պետք է զարգացումդ էլ դադարի: 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

Բժշկագիտությունն ընտրած երիտասարդ հետազոտողի ուղին սկսվեց միջազգային օլիմպիադաներում հաղթանակներից․ Համլետ Խաչատրյան

Երազանքս է գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել. Իրինա Տիրոսյան

Աշտարակից Երևան, հետո Միլան ու Բազել գիտնական դառնալու մանկության երազանքի հետևից. Սմբատ Գևորգյան

Մարդկության համար որևէ օգտակար հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը. Էլլա Մինասյան

Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան

Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]