Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին հաղթել է «Riga Symphony» մրցույթում

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին հաղթել է «Riga 
Symphony» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Riga Symphony» մրցույթի շրջանակում այցելել են Լատվիա: Մրցույթի ավարտին Մարիցա Թիլիքյանն արժանացել է ոսկե մեդալի և «Root of talent» մրցանակի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, երիտասարդ վոկալիստների եվրոպական մրցույթին Կարինե Դավթյանը հրավիրվել է որպես միջազգային ժյուրիի անդամ, իսկ կենտրոնի մեներգչուհի, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ Մարիցա Թիլիքյանը՝ որպես մասնակից:

«Այս հաղթանակը վկայում է մեծ տաղանդի, վոկալային բարձր տվյալների, դերասանական վարպետության, կատարողական արվեստի բարձր մակարդակի մասին, որը, ինչպես նշեց Կ. Դավթյանը, տարիների աշխատանքի արդյունք է:

«Մարիցան առաջին կուրսից եղել է կենտրոնի երգչախմբի անդամ, կարող ենք ասել՝ գիտելիքների հիմքը ստացել է հենց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Թատրոնում նա սովորել է դերասանի վարպետություն, ստացել բեմական խոսքի կրթություն: Համալսարանն ավարտելուց հետո էլ շարունակում է այցելել կենտրոն»,- ընդգծեց Կ. Դավթյանը:

Կ. Դավթյանի խոսքով՝ իր բեմադրած ելույթը հզոր տպավորություն էր թողել բոլորի վրա: Ելույթից հետո տարբեր մրցույթների ու միջոցառումների մասնակցության հրավերներ ստացան, այդ թվում՝ բացօթյա համերգի հրավեր, որի ընթացքում Մարիցան հայերենով երգեց «Հայաստան» երգը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Երգում էին մոտավորապես 25 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից, բայց Մարիցայի երգից հետո բազմաթիվ մարդիկ մոտեցան ու սկսեցին հարցնել, թե ինչի մասին էր երգը, որ այդպիսի ազդեցություն թողեց իրենց վրա»,- ընդգծել է Կարինե Դավթյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ նա հավելել է. «Գրանցել ենք բավականին լուրջ արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ Հայաստանում կատարած աշխատանքները աշխարհի մակարդակով ինչ որակ ունեն և ինչ ազդեցություն կարող են թողնել օտարազգի մարդկանց վրա»:

ԵՊՀ-ից հայտնում են, որ մրցույթի շրջանակում Կարինե Դավթյանը քսան երկրից եկած տարբեր մասնակիցների համար անցկացրել է «Շնչառական տեխնիկան՝ որպես վոկալի հիմնարար տարր» վերնագրով վարպետության դաս, որը մեծ արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրների վոկալի դպրոցների ներկայացուցիչների՝ մասնակիցների և ուսուցիչների շրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]