Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ երգի քրմուհին

Հայ երգի քրմուհին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի անգամ Ծաղկաձորում հանգստանալիս է եղել Ավետիք Իսահակյանը: Երեկոյան խարույկի շուրջ հավաքված պիոներները երգել են, ասմունքել: Այդ հավաքին ներկա է եղել նաև Օֆելյա Համբարձումյանը: Վարպետը, լսելով երիտասարդ Օֆելյայի երգի ձայնը, մոտեցել է, համբուրել նրա ճակատը՝ կանխատեսելով ապագան.

-Աղջիկս, դու մեծ երգչուհի ես դառնալու, ցնցեցիր հոգիս…

Տասնյակ տարիներ անց, երբ Իսահակյանը հիվանդ էր, իսկ բժիշկներն արգելում էին անկողնուց վեր կենալ, հանկարծ ռադիոն հայտարարում է, որ շուտով ելույթ է ունենալու Օֆելյա Համբարձումյանը: Իսահակյանը շտապ ձայն է տալիս հարսին.

-Բելլա, շորերս բեր, պիտի հագնվեմ:

Հարսը հակադարձում է.

-Ախր, հայրիկ, քեզ չի կարելի վեր կենալ:

Իսահակյանը պատասխանում է.

-Ախ, Բելլա, հասկանո՞ւմ ես, որ Օֆելյա Համբարձումյանի պես երգչուհուն պառկած չպիտի լսես:

Իսահակյանը հագնվում է, նստում իր աշխատանքային սեղանի դիմաց ու մինչեւ վերջ լսում է համերգը: Հարսը հիշում է, որ համերգի ավարտին Իսահակյանը հուզվել էր»:

Փաստենք, որ Օֆելյա Համբարձումյանն առաջին կատարողն էր Վարպետի «Սիրեցի, յարս տարան» հայտնի ստեղծագործության… Գուցե հենց այդ երգի կատարո՞ւմն էր խորապես հուզել «յարից յարա» ստացած բանաստեղծին..

Գուցե, ով իմանա:

Հայոց մեծերի պանթեոնում սակավաթիվ անվանի հայուհիներ են ննջում հավերժի քնով՝ Արուս Ասրյան, Շուշանիկ Կուրղինյան, Վարդուհի Վարդերեսյան, Սիլվա Կապուտիկյան, Գոհար Գասպարյան, Մարիամ Ասլամազյան, Օֆելյա Համբարձումյան: Մի երկուսն էլ՝ իրենց փառահեղ ամուսինների կողքին… Ինչևէ, նրանք վաստակել էին այդ իրավունքը…

«Ձայնս ժառանգել եմ մորիցս, ինքս էլ փոխանցել աղջկաս: Մանկությունս անցել է երգի մեջ, նույնիսկ պատերազմի տարիներին եմ երգել զինվորների համար,-մահվանից մեկ տարի առաջ, երբ ֆիլմ էր նկարահանվում իր մասին, վերհիշել է լրատվամիջոցների համար գրեթե միշտ փակ երգչուհին՝ ավելացնելով.-Ես ազնիվ մարդ եմ, նվիրված ընտանիքիս, բայց ինձ համար առաջնայինը երգն է եղել, արվեստը: Եղել են դեպքեր, երբ ընտանիքս ճաշ չի ունեցել, բայց ես գնացել եմ փորձի: Խաղաղ ընտանիք եմ ունեցել: Ես ու Նորայրը միասին ենք աշխատել, թերևս դա է պատճառը, որ խանդի տեսարաններ չեն եղել իմ կողմից, բայց ես խանդել եմ երևի…»:

Մայրական ձայնն իբրև աստվածային պարգև ստացած երգչուհին դեռ մանուկ հասակից է մասնակցել պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին, իր զրնգուն ձայնով գերել ունկնդիրներին: Դպրոցահասակ աղջնակին առաջինն էր նկատելու հայ աշուղական երգը փառավորած Արաքսյա Գյուլզադյանը, որ մոտեցել, գովեստի խոսքեր է ասել, խրախուսել և հորդորել՝ ստանալու երաժշտական կրթություն: Եվ ստացել է՝ ուսանելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Այնուհետև հրավիրվելու էր ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հայ աշուղական, ժողովրդական երգերի կատարումներով հանդես էր գալու Արամ Մերանգուլյանի ղեկավարած անսամբլում, իսկ1944-ից հաստատվելու ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական գործիքների անսամբլում՝ որպես մեներգչուհի: Երգացանկում՝ ժողովրդական, աշուղա-գուսանական, կոմպոզիտորական երգեր: Այդ ցանկում առաջնակարգ տեղ էր տալու Սայաթ-Նովայի ստեղծագործություններին, հնչեցնելու էր Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը: Սակայն ստեղծագործական նվաճումները պայմանավորվելու էին Հավասու, Աշոտի, Շահենի՝ իր ձայնային գունեղ ու հուզառատ կատարումներով: Ի դեպ, տեղին է հիշատակել, որ աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր գրել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար: «Էլինար» պոեմը նույնպես՝ նկատի առնելով տաղանդավոր երգչուհու ձայնային հատկությունները: Բազում երգիչ-երգչուհիներ են կատարել «Օջախում»-ը, բայց Օֆելյայինը շարունակում է մնալ անգերազանցելի: Այդպես է նաև իսահակյանական տեքստերով երգերի պարագայում:

Օֆելյա Համբարձումյանը հայ երգի մունետիկն էր ոչ միայն նախկին միության հայահոծ գաղթօջախների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության համար: Նրա շուրթերից հնչող հայրենական երգը մայրենիի զորությամբ էր սնուցում ազգայինից տկարացող հայ հոգիները Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, ամենուր: Եվ հայ երգի նրա հրավառությունը շարունակվեց շուրջ յոթանասուն տարի անընդմեջ, երբ 21-րդ դարասկզբին այլևս բեմ չբարձրացավ: Եվ երբ 91 տարեկանում գնաց ի հավերժություն, մեծանուն Տիգրան Մանսուրյանը գրեց. «Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը՝ իր եզակի տաղանդով ու ներշնչվածությամբ հունցված: Նրան տրված ժողովրդական տիտղոսը մինչև պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որևէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում՝ իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու…

… Իր երգը ես առաջին անգամ լսել եմ 1947-ին՝ Բաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նավից նոր էինք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ «բարի գալուստ» ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելյա Համբարձումյանը:

… Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի»:

Կապրի ու նաև կապրեցնի, ու կշարունակվի երգչուհու՝ յոթ տասնամյակ հնչեցրած երգի լեգենդը՝ իր կոմիտասապաշտ ժողովրդի կյանքին համընթաց…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am