Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարար Խաչատրյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտի զարգացումները

Նախարար Խաչատրյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտի 
զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող  ծրագրերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով գործակցության ընդլայնման հնարավորություններին։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Լիտվայի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման կարևորությունը, որը գործակցության նոր հեռանկարներ կարող է ունենալ։

Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակներում հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը, նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ է տեսնում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում և Լիտվայում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններին։ Ռոբերտ Խաչատրյանն այդ ցանկում մատնանշել է սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվելիք «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որի ընթացքում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ։ Գիտությունն ու արվեստն իրար շաղկապող այս միջոցառման ընթացքում տեղի կունենան գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ՝ գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի ներկայացնելով հանրությանը։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր հերթին ներկայացրել է Լիտվայում անցկացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ «ԲալթՏեխնիկա»-ն։

Կողմերը երկուստեք հրավիրել են միմյանց՝ պատվիրակությունների մակարդակով, մասնակցելու երկու երկրներում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներին։

Ռոբերտ Խաչատրյանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: Նախարարը հույս է հայտնել, որ լիտվական ընկերությունները ևս տեղեկացված կլինեն և կօգտվեն այդ հնարավորությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]