Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթում հաղթեց Իտալիայից թավջութակահար Էտտոռե Պագանոն

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթում հաղթեց Իտալիայից 
թավջութակահար Էտտոռե Պագանոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին բացահայտելու, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը հանրայնացնելու նպատակով Երևանում հունիսի 6-13-ն անցկացվեց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Էտտոռե Պագանոն (Իտալիա), երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Իվան Սենդեցկի (Ռուսաստան):

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրների անունները հայտնի դարձան մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մրցույթի հաղթող Էտտոռե Պագանոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարեց Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը:

Մրցույթի առաջին մրցանակակիրն արժանացավ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի: Նա հնարավորություն ստացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու երկու համերգով նվագախմբի 2023-2024 և 2024-2025 համերգաշրջանների ընթացքում: Երկրորդ տեղը զբաղեցնող երաժիշտն արժանացավ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակի, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող թավջութակահարը պարգևատրվեց 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։

Իվան Սենդեցկին, Ջոու Կիտամուրան և Էտտոռե Պագանոն նաև հատուկ մրցանակների արժանացան: Հատուկ մրցանակներ շնորհվեց Գայանե Ասլանյանին, իսկ Միքայել Ոսկանյանն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթին մասնակցելու համար բազմաթիվ դիմորդներ են եղել: «Խաչատրյանի մրցույթը համընկավ այնպիսի կարևորագույն մրցույթների հետ, ինչպիսիք են թագուհի Էլիզաբեթի անվան մրցույթը, «InClassica» լարային գործիքների մրցույթը, սակայն մենք ունեցանք մեծ թվով մասնակիցներ:  Առաջին փուլ անցավ 26 մասնակից, որից 18-ը ժամանեց Հայաստան»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է հեղինակավոր մասնագետներից, որոնց խոսքով՝ պայքարը թեժ է եղել:

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն էլ շեշտեց՝ Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ մշտապես տոնական ոգին է տիրում և տոնական մթնոլորտ է ստեղծվում: «Խաչատրյանի երաժշտությունը մեզ սնելու է այն դասականների ուժով, որոնց մենք ճանաչել ենք տասնամյակներ շարունակ  և որոնք զարդարում են մեր օրը»,-նշեց մաեստրոն:

2022-ին մրցույթին մասնակցել են երաժիշտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Վենեսուելայից, Կորեայի Հանրապետությունից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Իտալիայից:

Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից։ Հունիսի 7-ին և 8-ին անցկացվել է մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին՝ երկրորդ փուլը, իսկ 11-ին և 12-ին՝ երրորդ եզրափակիչ փուլը։

Մրցույթի ժյուրին գլխավորել է հանրահայտ ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, որի սաներն հանդես են գալիս մեծ բեմերում։ Ժյուրիի կազմում են եղել դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, Վեբերի փառատոնի հիմնադիր տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար Իշտվան Վարդան, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը և թավջութակահար Յին Ջաոն:

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]