Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարսանեկան արարողություն՝ Արարատի գագաթին. երիտասարդ զույգի յուրահատուկ ամուսնությունը

Հարսանեկան արարողություն՝ Արարատի գագաթին. երիտասարդ զույգի 
յուրահատուկ ամուսնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարողության վայրը՝ Մասիսի գագաթ, հանդերձանքը՝ արշավային հագուստ. հրավիրված եք հարսանեկան միջոցառման: Իշխան Գևորգյանն ու Աշխեն Հովհաննիսյանն այն երիտասարդ զույգերից են, որ ամուսնությունից առաջ մտածում են, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, որ այն դառնա հիշարժան ու ինքնատիպ: Նրանք երկուսով սիրում են բնությունը, արշավները, լեռներ, բարձունքներ հաղթահարելը, և այս ընդհանուր նախասիրությունը հարսանեկան արարողությունը կազմակերպելու հիմք հանդիսացավ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աշխենը պատմեց, որ փեսացուին առաջարկել է որևէ հանգստավայրում մեղրամիսը կազմակերպելու փոխարեն մասնակցել Մասիսի գագաթ բարձրանալու արշավին: 

«Իշխանի հետ բազմիցս խոսել ենք Մասիսը բարձրանալու մեր երազանքի մասին: Հայերի մեծամասնությունը միշտ էլ երազում է Արարատը բարձրանալու մասին, այդ ցանկությունը, կարծես, փոքրուց լինի: Իշխանին միշտ առաջարկում էի ամուսնությունից հետո գնանք Մասիսը բարձրանանք: Հետո մի օր խոսեցինք, և Իշխանն ասաց՝ արի գնանք ու միանգամից Մասիսի գագաթին էլ ամուսնանանք, դրանից լավ ամուսնական արարողություն չի լինի: Բնականաբար, համաձայնեցի»,- պատմում է Աշխեն Հովհաննիսյանը:

Որոշեցին ու արեցին. օրեր շարունակ դժվարությունները հաղթահարելով 2018 թվականի օգոստոսի 26-ին հասան Արարատի գագաթ: Թթվածնի պակասությամբ պայմանավորված՝ այնտեղ բավական դժվար է լինում տեղաշարժվելը, չի բացառվում ինքնազգացողության վատացումը, սակայն ոչինչ չէր խանգարում նրանց մեծ ցանկությունն իրականացնելուն: Իշխան Գևորգյանը պատմում է, որ արշավախմբում շատ քչերն էին տեղյակ, որ իրենք  պատրաստվում են գագաթին հարսանեկան արարողություն կազմակերպել:

«Արշավի մասնակիցների հիմնական մասն ամենավերջում տեղյակ եղավ մեր նախաձեռնության մասին: Գագաթին էինք, ասացինք՝ դուք հրավիրված եք հարսանիքի: Մարտին Մարտիրոսյանը («Հատիս» արշավախմբի ղեկավար) խաչը պահեց, մյուսներն օգնեցին շամպայնը լցնել: Այլ կերպ ասած՝ ներկաներին անակնկալ արեցինք: Կարծես երկու ուժեղ զգացողություն բազմապատկվել էր. մի կողմից՝ Մասիսի գագաթը բարձրանալու դժվարությունը հաղթահարելն էր, մյուս կողմից՝ ամուսնության արարողությունը»,- ասաց Իշխան Գևորգյանը:

Երիտասարդ զույգը տարիներ անց ժպիտով ու հիացմունքով է հիշում ինքնատիպ հարսանեկան օրը, պատմում հզոր, հպարտ զգացողության, այդ պահին Աստծուն ավելի մոտ լինելու մասին: Արդեն իրենց երեխաների հետ այդ պատմություններով կիսվելու հնարավորությունն ունեն: Ամուսնությունից հետո շարունակում են արշավները՝ ներգրավելով նաև փոքրիկներին:

Երիտասարդ զույգն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ երկիրդ սիրելու համար նախ այն պետք է ճանաչես: Միասին Հայաստանն ու Արցախը ճանաչելով, բացահայտելով՝ այժմ փորձում են այլ նախաձեռնությունում իրենց ներդրումն ունենալ:  «Ողջ մնալու արվեստ»  ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունում ծանոթացած զույգն այսօր իր ներդրումն է ունենում «Ազատազէն» նախաձեռնությունում՝ հիմնելով հրաձգարան, որը հնարավորություն է տալիս ցանկացողներին ծանոթացնել զենքին տիրապետելու հմտությանը:  

«Պատերազմից հետո որոշեցինք այս նախաձեռնությամբ հանդես գալ: Մենք պարապելու տեղ չունեինք: Քանի որ Հայաստանում մեծ հրաձգարան չկա, մենք գնում էինք սարեր՝ կրակելու, ինչը ռիսկային է: Այսօր Երևանում բազմաթիվ ժամանցի վայրեր կան, բայց հրաձգարան չկա: Որոշեցինք երկրի մասշտաբով փոխել պատկերն ու մարտական ընկերներով ձևավորեցինք «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը: Այն կօգնի ցանկացողներին սովորեցնել, ծանոթացնել զենքի գաղտնիքներին»,-ասաց Իշխան Գևորգյանը: Ծրագրի իրականացման գործում ակտիվ ներգրավված է նաև Աշխենը:

Ռազմահայրենասիրական ոգին անպակաս է, հայրենիքի համար նշանակալի գործ անելու ձգտումը՝ մեծ. երիտասարդ զույգը Արարատի գագաթի զգացողությունները սրտի ջերմ անկյունում թարմ պահելով՝ գնում է դեպի նոր բացահայտումներ: 

Աննա Գզիրյան

Լուսանկարները Հայկ Մանուկյանի, Իշխան Գևորգյանի արխիվից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]